ReAnimania անիմացիոն ֆիլմերի VI միջազգային փառատոնը ՙՖոլիմաժ՚ ֆրանսիական խոշորագույն ստուդիայի ֆիլմերի առանձին ծրագիր է պատրաստել: Փառատոնի հյուրերի թվում է ստուդիայի կոմպոզիտոր Սերժ Բասեթը, ով վերջին 30 տարիներին երաժշտութուն է ստեղծում լիամետրաժ և կարճամետրաժ մուլտֆիլմերի համար:
Ինչպես նշել է Բեսեթն այսօր Երևանում մամւոլի ասուլիսի ժամանակ, երաժշտությունն ապահովում է անիմացիոն ֆիլմի հաջողության 50%-ը: Եթե խաղարկային ֆիլմի երաժշտություն գրելու համար կարող է պահանջվել ընդամենը 4 ամիս, մուլտֆիլմերի դեպքում աշխատանքները կարող են ձգձգվել 2 տարի, քանի որ երաժշտությունը պետք է համապատասխանեցվի յուրաքանչյուր կադրին:
Խոսելով ՙՖոլիմաժի՚ գործունեության մասին`Բեսեթը նշել է, որ ստուդիան որոշել է փոխել մարտավարությունը և չթողարկել ֆիլմեր`նախատեսված միայն երեխաների կամ մեծահասակ լսարանի համար: ՙՄենք ցանկանում ենք ֆիլմեր ստեղծել բոլորի համար: Փորձում ենք կրթական, դաստիարակիչ թեմատիկայով սցենարներ գտնել, որը կմիավորեր տարբեր տարիքի հանդիսատեսի՚,- հայտնել է նա:
Փառատոնի մեկ այլ հյուրը Մարկ Բորեալն է, ով իր ՙԻմ մայրիկն Ամերիկայում էր, նա հանդիպել է Բաֆալո Բիլին՚ ֆիլմի համար արժանացել էր ReAnimania-2013-ի գլխավոր մրցանակին:
Բորեալը խոստովանել է, որ երկրտասարդ ռեժիսորի համար հեշտ չէ առաջ մղել իր գաղափարները: ՙԿոմերցիոն տեսակետից առավել հաջողակ են նախագծերը, որոնք հիմնված են հանդիսատեսին արդեն հայտնի կոմիքսկների կամ գեղարվեստական ստեղծագործություների վրա՚,- ասել է նա: Նրա խոսքով, այսօր Ֆրանսիայի անիմացիոն արտադրանքը որակով չի զիջում հոլիվուդյան մուլտֆիլմերին, իսկ որոշ հարցերում`նույնիսկ գերազանցում է:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային գծով կցորդ Ֆաբիեն Նեյրան նշել է, որ անիմացիոն ֆիլմերի արտադրությամբ Ֆրանսիան երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում: Նա նաև նշել է, որ դեսպանատունն արդեն 5-րդ տարին է, ինչ համագործակցում է ReAnimania-ի հետ`նպաստելով ֆրանսիական ֆիլմերի ցուցադրությանը և Ֆրանսիայի անիմատորների մասնակցությամբ վարպետության դասերի կազմակերպմանը:
ReAnimania-ն մեկնարկել է հոկտեմբերի 25-ին: Այս տարի փառատոնային ծրագրում ընդգրկվել են աշխարհի տարբեր երկրների 400 լիամետրաժ, կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր և հոլովակներ: