Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չի ընդունում և չի չճանաչում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները, քանի որ դրանք անց են կացվել մի շարք խախտումներով ու բացթողումներով: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱՕԿ տարածած հայտարարության տեքստում, որը տրամադրվել է ԱրմԻնֆո գործակալությանը:
ՙԱյս ընտրությունն անցկացվել է պետական կառույցի անմիջական ներգրավվածությամբ ու ազդեցության ներքո, ինչը անթույլատրելի է, ավելին հակասում է օրենքին: Ֆեդերացիայի նախագահի ընտրությունն անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի շենքում, խիստ գաղտնիության պայմաններում և արգելված է եղել անգամ լրատվամիջոցների և կոնֆերանսի բազմաթիվ անդամների մուտքը: Ֆեդերացիայի նիստը կայացվել է առանց պատշաճ իրազեկման: Մարզական ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կատարվել է կոպիտ միջամտության պայմաններում:
Մասնավորապես` ֆեդերացիայի նախագահ է ընտրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյան, նիստը կայացվել է պետական փակ ռեժիմով հաստատության շենքում, այն դեպքում, երբ անգամ երկրի նախագահը, ով նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահն է հանդիսանում, ֆեդերացիայի նիստերին մասնակցելու համար այցելում է շախմատի տուն, որը բաց և հասանելի է հանրության ու լրատվամիջոցների համար: Համաժողովի մասնակիցների մուտքը հսկվել է անվտանգության աշխատակիցների կողմից, և վերջապես` ընտրությունները անցել են գործադիր իշխանության ներկայացուցչի` սպորտի նախարարի ուղղակի մասնակցության պայմաններում:Օլիմպիական կարևորագույն սկզբունքներից մեկը ֆեդերացիաների, որպես հասարակական կառույցների անկախությունն է և գործադիր ու իշխանության այլ ճյուղերից անկախ գործելու պահանջը:Խախտումների շարքը դեռ շատ երկար կարելի է շարունակել, սակայն կարծում ենք` այսքանն էլ բավարար է: Այս կետերը ուղղակիորեն ամենակոպիտ կերպով հակասում են Միջազգային օլիմպիական կոմիտեի սկբունքներին և օլիմպիական խարտիային: Մեր խնդիրն է ուղղակի զգուշացնել, որ նմանատիպ խայտառակ ընտրություն անցկացնելու որոշումը հանգեցնելու է միջազգային սկանդալի` մարզական ոլորտում:
Մեզ արդեն իսկ ահազանգել են տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ովքեր իրենց տարակուսանքն են հայտնել նման ընթացակարգով անցկացված ընտրության հետ կապված: ՀԱՕԿ-ը, ցավ է ապրում, որ միջազգային ասպարեզում վտանգված է մեր երկրի մարզական հեղինակությունը, քանի որ մենք այդ հեղինակությունը դժվարությամբ ենք վաստակել, տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Մի բան վստահ կարող ենք ասել, որ որևէ մեկի անձնական շահը չի կարող գերադասվել երկրի միջազգային հեղինակությունը վտանգի տակ դնելու հարցից:Ուզում ենք ընդգծել՝ ՀԱՕԿ-ը չի դրել և չի դնելու որևէ անձնական հարց: Խնդիրն ընդամենը օրինականության, ընթացակարգերի պահպանման և միջազգային օլիմպիական սկզբունքներին հավատարիմ մնալու մեջ է:
Ոչ մեկի քմահաճույքը չի կարող վտանգել մեր երկրի մարզական հեղինակությունը: ՀԱՕԿ-ը վճռական է հետամուտ լինել խնդրի իրավական կարգավորմանը և ՀԱՕԿ-ը սկսում է սահմանված կարգով ֆեդերացիայի հետկանչը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից՚, - ասվում է ԱՕԿ հայտարարոջւթյան տեքստում:Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԱԽ ղեկավար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ինչը հարուցել է ԱՕԿ նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծայրահեղ դժգոհությունը, քանի որ ընտրությունն ընթացել է առանց նրա գիտության, և Բաղդասարյանի ընտրությունը, փաստորեն, անակնկալ է եղել ԱՕԿ նախագահի համար: