Չնայած
շրջակա միջավայրի համար լուրջ վտանգներին` Հայաստանում պոչամբարների վերամշակումն
առաջվա նման իրականացվում է միայն խոսքով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ
զրույցում հայտարարել է «Հայաստանի կանաչների միության» ղեկավար Հակոբ
Սանասարյանը:
Նրա ասելով, փակ համարվող բոլոր պոչամբարներից ծանր
մետաղները ներթափանցում են շրջակա միջավայր: Արդյունքում` վտանգավոր տարրերով
աղտոտվում է ոչ միայն բնահողը, այլև` ջրային պաշարները: Օրինակ, Սյունիքում
Դաստակերտի պոչամբարն արդեն 35 տարի փակ է համարվում, սակայն փաստը մնում է փաստ. դրա
թունավոր նյութերը խառնվում են Այրի գետի ջրերին: Ոչ պակաս վտանգված է նաև Ողջի գետը, չէ որ ինչպես գետի, այնպես էլ
դրա վտակի վրա կա մի քանի պոչամբար, որոնց մեկուսացումն անմխիթար վիճակում է:
Սանասարյանն ընդգծել է, որ պոչամբարները պետք է պատնեշված
լինեն փշալարով` մարդկանց և ընտանի կենդանիների ներթափանցումը դրանց տարածք
կանխելու նպատակով: Իսկ իրականում այդ պահանջը չի կատարվում: Արդյունքում` լեռնահանքային
գործունեության թափոնների անմիջական մերձակայքում անասուններ են արածեցվում:
Բացի այդ, մերձակա բնակավայրերի բնակիչները չեն խորշում
դեղաբույսեր հավաքել և բանջարեղեն աճեցնել վտանգավոր գոտում: Որպես օրինակ
Սանասարյանը նշել է Քաջարանի պոչամբարը, որտեղ գյուղացիները կարտոֆիլ, ճակնդեղ, սոխ
և սխտոր են աճեցնում: Մինչդեռ պոչամբարում կան ծանր մետաղներ, որոնց նույնիսկ ոչ
մեծ խտությունը բնահողում և ոռոգման ջրում կարող են հանգեցնել այդ խտությունների
բազմակի ավելացման որոշակի բույսերում և կենդանական մթերքներում:
Կուտակվելով օրգանիզմում` այդ տարրերը «հարվածում են»
ժառանագականությանն ու վերարտադրությանը: Վտանգն այն է, որ սնդիկի, արճիճի մեծ
պարունակությամբ մթերքների օգտագործման բացասական ազդեցությունը դրսևորվում է
տարիներ, տասնամյակներ անց և, նույնիսկ, ապագա սերունդներում:
«Ես կարծում եմ, որ այդ խնդրին պետք է մեծ ուշադրություն
դարձնի Առողջապահության նախարարությունը, սակայն դրա փոխարեն այն լիովին անտեսում
է ստեղծված իրավիճակը: Իսկ դա լուրջ հանցագործություն է», - ընդգծել է
Սանասարյանը:
Բնապահպաններն արդեն որերորդ տարին ուշադրություն են
հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանում հանքավայրերի մշակումը հակասում է
զբոսաշրջության և մաքուր գյուղատնտեսության զարգացմանը: Փորձագետների գնահատմամբ,
ծանր մետաղներով շրջակա միջավայրի աղտոտումը տեղի է ունենում այնպիսի չափերով, որ
դա հանգեցնում է դրանց ներթափանցման սննդի օղակներ: Ընդգծվում է, որ դրա արմատը
օրենսդրական դաշտում առկա լուրջ խնդիրներում է, ինչպես նաև կոռուպցիայի վիթխարի ծավալներում:
Բնապահպանության
ոլորտին ամենազգալի հարվածը նոր «Ընդերքի մասին օրենսգրքի» ընդունումն էր: Այսպես,
թափոններ հասկացության բացակայությունը փաստաթղթում ընկերությունների առջև հարկման
ենթակա հիմքն էապես նվազեցնելու հեռանկար է բացում: Բացի այդ, հանքավայրերի
մշակումից հետո թափոնների համար պատասխանատվություն են կրելու ոչ թե
ընկերություհնները, այլ` պետությունը: