2014 թվականից Հայաստանում կսկսվի ՙԿայուն դպրոցական սնունդ՚ ծրագրի իրագործումը, որում կնեգրավվեն տարրական դասարանների աշակերտները:
Ինչպես օգոստոսի 23-ին մամուլի ասուլիսում հաղորդել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ծրագրի շրջանակում դպրոցականի սննդակարգում պետք է ներառվի 200 մլ կաթ (մածուն, հյութ, կակաո), 50 գ թխվածք: Առաջին փուլում փորձնական ծրագիրը կիրագրոծվի Վայոց ձորի, Արարատի և Սյունիքի մարզերում: Նախարարի ասելով, մինչև 2021 թիվը ՙԿայուն դպրոցական սնունդ՚ ծրագրում կընդգրկվեն հանրապետության բոլոր մարզերը, ինչպես նաև Երևանը: Ակնկալվում է, որ ծրագրում կընդգրկվի մինչև 150 հազար երեխա:
Աշոտյանը տեղեկացրել է, որ ծրագրի մշակման գործում ներգրավվել են փորձագետներ Ռուսաստանից և Իսրայելից: Ինչպես նշվել է, ՙԿայուն դպրոցական սնունդը՚ կօգնի լուծել մի շարք հարցեր, որոնք առնչում են աղքատության դեմ պայքարին, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացմանը տեղի արտադրողներին ներգրավելու միջոցով: Ծրագիրը կֆինանսավորվի պետության հաշվին` միջազգային դոնորների մասնակցությամբ: Բացի այդ, եթե ծագի սննդակարգը բազմատեսակ դարձնելու ցանկություն, իրենց ավանդը կարող են ներդնել համայնքներն ու ծնողները: