Կենսաթոշակային ռեֆորմների
մասին ոչ իշխանական «քառյակի» (ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, Ժառանգություն) հինգ
առաջարկներից ընդունելի
են երկուսը: Այս մասին ՀՀԿ Գերագույն մարմնի
նիստի սկզբում
այսօր հայտարարել
է ՀՀ վարչապետ Հովիկ
Աբրահամյանը:
Բայց վարչապետը
չի հստակեցրել, թե հատկապես որ առաջարկներն են ընդունելի կառավարության համար: Նա
միայն ասել է, որ մինչև կենսաթոշակային կուտակային պարտադիր օրենքի վերամշակումն
ու Սահմանադրությանը հետ համապատեսխանեցումը գործատուները կազատվեն պարտադիր
կենսաթոշակային վճարներ չկատարելու համար սահմանված պատասխանատվությունից ու դրա
հետ կապված տուգանքներից, ինչպես հայտարարել էր նախկին կառավարությունը:
Լրագրողների հետ
հանդիպմանը վարչապետը մոտեցել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնք
հետաքրքրված են Հայաստանում բիզնեսի պայմաններով: Աբրահամյանը հավաստել է, որ կանի
իրենից կախված ամեն բան, որպեսզի Սփյուռքի ներկայացուցիչների համար հայրենիքում
ստեղծվեն ձեռնարկատիրությամբ զբաղվելու առավելագույնս ընդունելի պայմանները: «Քանի
դեռ վարչապետ եմ, իմ ուժերի սահմաններում կանեմ ամեն ինչ, որպեսզի օժանդակեմ
հայրենիքում սփյուռքահայերի բիզնեսի կայացմանը: Ձեզ համար անձամբ կանեմ այն, ինչ
կարողանամ»,-խոստացել է Աբրահամյանը, հավելելով, որ Հայաստանը ծրագրում է
հաջողությամբ համագործակցել ինչպես ԵՄ, այնպես էլ Մաքսային միության երկրների հետ:
Անդրադառնալով
կադրային հարցերին, նա ընդգծել է, որ ընտրությունը կատարում է թեկնածուների
բացառապես պրոֆեսիոնալ հատկանիշների հիման վրա: «Եթե պարզվի, որ ինչ-որ մեկն ի
վիճակի չէ աշխատել, ապա մեկ ամիս հետո կազատվի զբաղեցրած պաշտոնից»,-հավաստել է
վարչապետը:
Նշենք, որ այսօր տեղի
կունենա ՀՀԿ ԳՄ նիստը, որտեղ կներկայացվեն խորհրդարանի խոսնակի և մի շարք
նախարարների թեկնածությունները: Քաղաքական շրջանակներում որպես խորհրդարանի
խոսնակի պաշտոնի հավանական թեկնածու է շրջանառվում Գալուս Սահակյանի անունը: