Հուլիսի 16-ին Հայաստանում կանցկացվի տոլմայի IV փառատոնը: Ավանդույթի համաձայն, այն տեղի կունենա Սարդարապատի հուշահամալիրի մոտ`ՙՈսկե ծիրան՚ միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին պատմել է ՙՀայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում՚ ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, տարեցտարի փառատոնի շրջանակներում տոլմայի նոր ու հետաքրքրիր բաղադրատոմսեր են ի հայտ գալիս: Բացի այդ, ՙՈսկե ծիրանի՚ շրջանակներում փառատոնի անցկացման շնորհիվ մեծանում է զբոսաշրջիկների հետաքրքրությունը հայկական ազգային խոհանոցի հանդեպ: Փառատոնը ներառում է նաև մշակութային հագեցած ծրագիր, երաժշտական համույթների ելույթներ:
Փառատոնի հետաքրքիր առանձնահատկությունը խաղողի տերևներից աշխարհի ամենաերկար տոլմայի պատրաստումը կլինի: Մամուլյանը չի բացառել վերջինիս ներառումը Գիննեսի ռեկորդների գրքում: Անցած տարի փառատոնի հյուրերի և մասնակիցների դատին էր ներկայացվել 7 մ 10 սմ երկարությամբ տոլման: 2014 թ. նախատեսվում է կրկնել խոհարարական գլուխգործոցը:
Փառատոնին մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 6-ը: Այս տարի փառատոնին կարող են մասնակցել ոչ միայն ռեստորանները, այլ նաև տարբեր կազմակերպություններ, ԶԼՄ-ների, գործարար հատվածի ներկայացուցիչներ: Մամուլյանը չի բացառել, որ իրենց թիմերը ներկայացնեն նաև խորհրդարանական խմբակցությունները:
Ժյուրիի որոշմամբ հաղթողներ կընտրվեն ՙԼավագույն արտաքին տեսք՚, ՙԼավագույն համ՚ և ՙԼավագույն գաղափար՚ անվանակարգերում: Բացի այդ, մրցանակներ կհանձնվեն լավագույն սկսնակ խոհարարին, տաղավարի լավագույն ձևավորման համար: Նախատեսված են նաև Գրան-պրի և հանդիսատեսի համակրանք մրցանակը: Փառատոնը զբոսաշրջության զարգացման և հայկական ազգային խոհանոցի քարոզման նպատակ է հետապնդում: