Ամերիաբանկը կազմակերպել էր Առևտրի ֆինանսավորման վարչության աշխատակիցների և գործարարների հանդիպում-սեմինար միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքների և միջազգային ֆակտորինգի թեմաներով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, Ամերիաբանկը հրավիրել էր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջազգային առևտրի ֆինանսավորման հարցերով փորձառու խորհրդատու Իգոր Ռուսինին, որը 2010-2012 թթ.-ին խորհրդատվական հարցերով այցելել է աշխարհի 9 երկրի 42 բանկ, որոնք հանդիսանում են ՎԶԵԲ-ի առևտրի ֆինանսավորման ծրագրի մասնակից:
Իգոր Ռուսինը կարևորել է այս ոլորտում խորհրդատվության դերը և աշխատանքը հաճախորդների հետ: Նա մասնավորապես նշել է. ՙՇուրջ մեկ տարի համագործակցում եմ Ամերիաբանկի հետ ՎԶԵԲ-ի Առևտրի ֆինանսավորման աջակցման (TFP) ծրագրի շրջանակներում որպես խորհրդատու: Խորհրդատվության մեջ, ըստ իս, առաջնային խնդիրը կայանում է աշխատանքը հաճախորդների հետ, և մենք խնդիր ենք դնում հաճախորդների համար պարզաբանել առևտրի ֆինանսավորման գործիքների առավելությունները, որպեսզի նրանք կարողանան դրանք օգտագործել պրակտիկայում: Դա շատ մեծ ու կարևոր խնդիր է, և ես կարծում եմ, որ մենք կարողացանք այսօր հաջողությամբ դա իրականացնել՚:
Հանդիպման ժամանակ Ամերիաբանկի Առևտրի ֆինանսավորման վարչության աշխատակիցները և ՎԶԵԲ-ի խորհրդատու Իգոր Ռուսինը ներկայացրել են միջազգային առևտրում կիրառվող վճարային գործիքների` ակրեդիտիվների, երաշխիքների և պահուստային ակրեդիտիվների առավելությունները և կիրառման հնարավորությունները գործարարների համար: Հանգամանորեն ներկայացվել են տեղական և միջազգային ֆակտորինգի հնարավորությունները` ընդգծելով միջազգային առևտրում ֆակտորինգի կիրառման առավելությունները: Ամերիաբանկը, հանդիսանալով միջազգային խոշորագույն FCI ֆակտորինգային միության անդամ, առաջարկում է ֆակտորինգային ֆինանսավորման, ռիսկերի ապահովագրման և դեբիտորական պարտքի կառավարման ծառայություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում առևտրով զբաղվող արտահանող և ներմուծող ընկերություններին: Ամերիաբանկը, լինելով առաջին հայաստանյան բանկը, որը հաստատող բանկի կարգավիճակ ստացավ ՎԶԵԲ-ի կողմից, արդեն որպես հաստատող բանկ կարող է աջակցել արտահանողներին ` ՎԶԵԲ-ի Առևտրի աջակցման ծրագրի շրջանակներում: Ընդ որում, այս համագործակցությունը ՎԶԵԲ-ի անդամակից երկրների բանկերի հետ կլինի երկկողմանիորեն փոխշահավետ:
Աղբյուրի համաձայն, այդ սեմինարը նախատեսված էր տնտեսության տարբեր ոլորտների արտադրողների, ներմուծողների և արտահանողների համար, ովքեր իրականացնում են տեղական և միջսահմանային առևտուր: Այս հանդիպումը նպատակ ուներ գործարար հասարակությանը ներկայացնել միջազգային ֆակտորինգի հնարավորությունները` կապված Ամերիաբանկի` Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ (FCI) միջազգային խոշորագույն ֆակտորինգային միությանն անդամակցելու հետ, ինչպես նաև բանկի կողմից առաջարկվող` առևտրի ֆինանսավորման գործիքների հնարավորություններն ու առավելությունները և առաջարկել փոխշահավետ համագործակցություն: Սեմինարն ուղեկցվեց ակտիվ քննարկումով, որի ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց խորհրդատվություն ստանալ միջազգային առևտրի ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ և սեմինարի այլ մասնակիցների հետ փոխանակել սեփական փորձը:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկի 99,99 տոկոս բաժնետոմսերի փաթեթը պատկանում է America Group CY Ltd-ին, որը զբաղվում է ներրդումային հոլդինգի գործունեությամբ: