Հայաստանի եվրաբոնդերի եկամտաբերությունը, սկսած
սեպտեմբերին կայացած թողարկման օրից մինչև 2014 թվականի հունվարը, 6.250%-ից
նվազել է մինչև 5.800%: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Նրա խոսքերով,
հանրապետությունում առաջին անգամ իրականացված եվրաբոնդերի թողարկումը նշանակալից
իրադարձություն էր երկրի անցյալ տարվա ֆինանսական կյանքում: Իսկ երկրորդային
շուկայում այդ արժեթղթերի եկամտաբերության նվազումը նախարարը բացատրել է թողարկողի
նկատմամբ ներդրողների վերաբերմունքով և ակնկալիքներով: «Շարունակաբար աճում է
ներդրողների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և մենք կարող ենք ավելի էժան
միջոցներ ներգրավել միջազգային շուկաներից»,-ասել է նախարարը: Նա հավելել է, որ
700 մլն.դոլար ծավալով, 6.25% եկամտաբերությամբ և 7 տարի մարման ժամկետով եվրաբոնդերի
թողարկման պահին, սեպտեմբերին, դրանց նկատմամբ պահանջարկը մի քանի անգամ
գերազանցեց առաջարկը, հասնելով 3 մլրդ.դոլարի, ինչը նույնպես վկայում է Հայաստանի
նկատմամբ վստահության մասին: Իսկ որպես թողարկման հիմնական անդերրայթերներ են
հանդես եկել` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc.:
Նախարարը հավելել է, որ եվրաբոնդերի եկամտաբերության
նվազման շնորհիվ հաջողվել է 4.5%-ով կրճատել նաև պետական պարտատոմսերի դրույքները:
Այսպես, 5-ամյա շրջանառությամբ պետպարտատոմսերի եկամտաբերությունը 14%-ից նվազեց
մինչև 9.99%, իսկ 20-ամյա պարտատոմսերինը` 16.4%-ից մինչև 11.6%, ասել է նա: Ըստ
նախարարի, այդ պարտատոմսերի տոկոսադրույքների նվազումը կանդրադառնա նաև բանկային
վարկերի և ավանդների տոկոսադրույքների վրա: