Սեպտեմբերի 12-ին Հայաստան կայցելի Եվրամիության հարեւանության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Ինչպես գրում է ՙՀայկական ժամանակը՚, Հայաստանում ԵՄ գրասենյակի մամուլի քարտուղարը հաղորդել է, որ Շտեֆան Ֆյուլեն այցելելու է Հայաստան` մասնակցելու Արեւելյան գործընկերության անդամ երկրների նախարարական 3-րդ ոչ պաշտոնական երկխոսությանը, որը կընթանա սեպտեմբերի 12-13-ը Երեւանում։ Ֆյուլեի մամուլի խոսնակ Փեթեր Սթենոնն իր հերթին հաստատել է, որ Ֆյուլեն Հայաստան կայցելի սեպտեմբերի 12-ին։
Թերթը նշում է, որ ԵՄ տարբեր պաշտոնյաներ փորձում են Հայաստանից բացատրություններ ստանալ Մաքսային միությանն անդամակցելու որոշման կապակցությամբ։ ՙԱյդ նպատակով այսօր Բրյուսել են մեկնելու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՚,- գրում է ՙՀայկական ժամանակը՚:
Հիշեցնենք, որ ՙԱրևելյան գործընկերության՚ երկրների` նոյմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում նախատեսվում է Երևանի կողմից Ասոցացման համաձայնագրի և Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի նախաստորագրում: Սակայն սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահի նստավայրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրության մասին: Այդ առնչությամբ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցչի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Բրյուսելը Երևանից պարզաբանումներ է ակնկալում կայացված որոշման վերաբերյալ: