Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ ՙՓյունիկ՚ բարեգործական հիմնադրամը և ՙՈսկե ծիրան՚ կինոյի զարգացման հիմնադրամը 2014թ. հայտարարել են Հայոց Ցեղասպանության թեմայով սցենարական մրցույթ` նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին:
Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՙՈսկե ծիրան՚ Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, մրցույթը հրավիրում է կարճամետրաժ (3-6 րոպե տևողությամբ) խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարներ: Հաղթող կճանաչվեն լավագույն 10 սցենարները` ընտրված մասնագիտական ժյուրիի կողմից. հեղինակներին կշնորհվեն դրամական պարգևներ. մասնավորապես` լավագույն երեք սցենարների հեղինակները կարժանանան 1000-ական, իսկ հաջորդող լավագույն յոթի հեղինակները` 500-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևների: Սցենարները պետք է ներկայացնել ՙՈսկե ծիրան՚ կինոյի զարգացման հիմնադրամ՝ Ք. Երևան, Մոսկովյան 3 հասցեով կամ ուղարկել [email protected] Էլ. հասցեով ՝ մինչև 2014թ-ի հունիսի 30-ը: