ՙԱյսօր Հայաստանի թե իշխանությունները, թե ընդդիմությունը պետք է իրենց մեջ ուժեր գտնեն համախմբվելու և ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիներ փնտրելու համար՚, - հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նրա ասելով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը ՙԺառանգության՚ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ռացիոնալ էր, և հարկավոր է օգտվել պահից առկա իրավիճակի կարգավորման ուղիներ գտնելու համար: ՙԺառանգություն կուսակցության պահանջները դեռ պետք է քննարկվեն՚, - նշել է խորհրդարանականը, ավելացնելով, թե ՀՀԿ ուրախ է, որ ընդդիմությունը պատրաստ է իր վրա որոշակի բեռ վերցնել, սակայն պահանջը պետք է լինի ավելի հիմնավորված: Սահակյանի ասելով, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջը ոչ մի առնչություն չունի առկա իրավիճակի հետ: Նա ընդգծել է, որ իշխանությունները պատրաստ են նոր բարեփոմներ կատարել Ընտրական օրենսգրքում: ՙԱյս 20 տարում ՀՀԿ առանցքային դեր է խաղացել: Կուսակցությունն աշխատել է կոալիցիայի շրջանակում, թեև կոալիցիաները լուծարվել են: ՀՀԿ շարունակում է իր վրա վերցնել քննադատություն: Խորհրդարանական ընտրությունները բավականին թափանցիկ էին, այդպիսին էր նաև բոլոր միջազգային կառույցների գնահատականը: Նախագահական ընտրություններից առաջ որոշ փոփոխություններ իրականացվեցին: Րաֆֆի Հովհաննիսյանն ստացավ ավելի շատ ձայներ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն դա չի նշանակում, թե ՙԺառանգություն՚ կուսակցությունը խորհրդարանում պետք է ներկայացնի պատգամավորների այնպիսի թիվ, որ ժողովուրդը նրան վստահի: Այսօր նա կարողացել է համախմբել ընդդիմությանը և ճիշտ քաղաքականության շնորհիվ կարող է դառնալ նաև ընդդիմության առաջնորդ՚, - ամփոփել է պատգամավորը: