Երեթշաբթի, 24 Դեկտեմբերի 2013

Իսահակյան Գայանե

ՀՀ Կենտրոնական բանկը հերթական անգամ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույք` 8%-ից մինչև 7.75%

ՀՀ Կենտրոնական բանկը հերթական անգամ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույք` 8%-ից մինչև 7.75%

 ՀՀ Կենտրոնական բանկը հերթական անգամ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույք` 8%-ից մինչև 7.75%: Ինչպես
ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն
ընդունվել է ԿԲ Խորհրդի դեկտեմբերի 24-ի նիստում:


 


Աղբյուրի համաձայն, 2013 թ. նոյեմբերին արձանագրվել է 0.9% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.4% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է 6.6%: Գնաճի նվազումն ընթանում է կանխատեսվածի համեմատ ավելի արագ տեմպերով, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը տարեվերջին կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանին մոտ:


 


Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածի զարգացումներն ընթացել են հիմնականում կանխատեսվածի շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնման միտումները և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:


 


Խորհուրդը գնահատում է, որ չնայած չորրորդ եռամսյակի ընթացքում հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնողական ընթացքին, պահպանվում են տնտեսական աճի ցածր տեմպերը՝ պայմանավորված ներդրումների վարքագծով և մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղմամբ: Հաշվի առնելով արտաքին և ներքին տնտեսությունների վերոնշյալ զարգացումները, ինչպես նաև հետագայում գնաճի նվազման սպասումները, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը: Միևնույն ժամանակ, ԿԲ դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները կպայմանավորվեն նաև 2014 թ. հարկաբյուջետային քաղաքականության առանձնահատկություններով:


 


Խորհուրդը համակարծիք է, որ տնտեսական սպասվող զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը կշարունակի նվազել և մոտակա ամիսներին կվերադառնա 4% նպատակային մակարդակին՝ կանխատեսվող հորիզոնում պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքում:


 



Նշենք, որ վերաֆինանսավորման
տոկոսադրույքի
նախորդ իջեցումը տեղի էր ունեցել նոյեմբերի 12–ին`8,5 %-ից մինչև 8 %: Նույն օրը 0.5 տոկոսային
կետով նվազեցին
ներգրավված ավանդների տոկոսադրույքները` 7% - ից մինչև 6.5%, ինչպես նաև լոմբարդային ռեպո տոկոսադրույքը` 10% - ից մինչև 9.5 %: Մինչ այդ ԿԲ - ն
վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5 % - ից մինչև 8% էր իջեցրել 2011 թվականի
ապրիլի 12-ին, այդ մակարդակում
պահպանելով մինչև 2013 թվականի օգոստոսի 13-ը, որից հետո այն կրկին
բարձրացվեց մինչև 8.5%: Մեգառեգուլյատորի
օգոստոսյան այդ որոշումը թելադրված էր ինֆլյացիոն սպասումների զսպելու և
էներգակիրներ թանկացման երկրորդային ազդեցությունները մեղմելու նպատակով: ՀՀ ԿԲ խորհուրդը 2013 թվականի օգոստոսի 13-ին վերանայել էր նաև ներգրավված
ավանդների տոկոսադրույքները, բարձրացնելով դրանք
6.5 % -
ից մինչև 7%, իսկ լոմբարդային ռեպո-ն թողնելով 10%, պահպանելով
այդ մակարդակում մինչև այս տարվա նոյեմբերի 12-ը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն