Հայկական կողմի հակազդեցությունը բավականին զուսպ ու անհամարժեք է սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգությունների հանդեպ: ilur.am պորտալում զետեղված հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` մեկնաբանելով լարվածության սրումը հայ-ադրբեջանական սահանում և Արցախի ու
Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում:
Առաջին բնախագահի կարծիքով, դա բացատրվում է հետեւյալ հանգամանքով. հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից, նկատի ունենալով, որ դրանց հետեւանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման։ Մյուս կողմից, Տեր-Պետրոսյանի համոզմամբ, հայկական կողմի զսպվածությունը ավելի է լկտիացնում Ադրբեջանին, որը կարծես-թե ձգտում է առավելագույնս թեժացնել իրավիճակը սահմանային գոտում։ «Հայաստանի իշխանություններն, ըստ այդմ, կանգնած են դժվարագույն դիլեմայի առջեւ, որի լուծումը ահռելի ջանքեր եւ բացառիկ քաղաքական հնարամտություն է պահանջում», - նշել է Լ.Տեր-Պետրոսյանը։
Նրա կարծիքով, Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ գործողությունները որոշ չափով կապված են մի կողմից` Եւրոասոցացման գործընթացի վիժեցումից հետո Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի ցուցաբերած անվստահության, իսկ մյուս կողմից` Եւրասիական միության շրջանակում Հայաստանի դեռեւս անհստակ կարգավիճակի հանգամանքի հետ։ Սկսենք նրանից, որ հակամարտող երկրների ղեկավարների միջեւ կայացած ցանկացած հանդիպում ինքնըստինքյան դրական պետք է գնահատել։ Սակայն ինչ վերաբերում է Օլանդի նախաձեռնած հանդիպմանը, ապա դժվարանում եմ ասել, թե այն, բացի փոխըմբռնման որոշ մթնոլորտ ստեղծելուց, ի՞նչ կոնկրետ արդյունք կտա։ Այս առիթով, զուտ փաստի արձանագրման կամ հետաքրքրության համար, ուզում եմ մի դրվագ պատմել իմ անձնական փորձից։ 1996 թվականին նման մի նախաձեռնությամբ հանդես եկավ նաեւ Ժակ Շիրակը` առաջարկելով Փարիզում եռակողմ հանդիպում կազմակերպել իր, Հեյդար Ալիեւի եւ իմ միջեւ։ Ես պարոն Շիրակին ասացի, որ այդ հանդիպումն անիմաստ է ու դժվար-թե որեւէ արդյունք տա, եթե դրան չմասնակցի նաեւ ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նկատի ունենալով, որ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ Ղարաբաղը ճանաչված է որպես հակամարտության երրորդ իրավահավասար կողմ։ Շիրակն ընդունեց տվյալ փաստարկի հիմնավորվածությունը եւ խոստացավ համոզել Ալիեւին` համաձայնելու հանդիպման իմ առաջարկած ձեւաչափին։ Սակայն վերջինս չհամաձայնեց, եւ այդ հանդիպումն այդպես էլ չկայացավ։ Ինչեւիցե, եթե Օլանդ-Ալիեւ-Սարգսյան հանդիպումը, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժ չապահովելով հանդերձ, թեկուզ միայն նպաստի հայ-ադրբեջանական սահմանային գոտում լարվածության թուլացմանը, ապա այդ արդյունքն անգամ լիովին գոհացուցիչ կարելի է համարել, -
կարծում է Հայաստասնի առաջին նախագահը։