Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հայտարարված միջազգային մրցույթի հաղթող Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունը հաջողությամբ ավարտել է «Ղրղզստանի Հանրապետության հանրային կառավարման ոլորտի ներքին հսկողության և ներքին աուդիտի համակարգի կարողությունների զարգացում» մեկամյա ծրագրի իրականացումը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիա ՓԲԸ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն,
ծրագիրը նպատակ ուներ աջակցել Ղրղզստանի կառավարությանը` բարելավելու հանրային ֆինանսների կառավարման ոլորտի գործունեությունը և նպաստելու կառավարության գործունեության արդյունավետության բարձրացմանը` բյուջետային գործընթացի, ներքին աուդիտի, պետական կառավարման ներքին ֆինանսական հսկողության միջոցով:
Ծրագրի շրջանակներում Ամերիա կառավարման խորհրդատվական
ծառայության կողմից մշակվել են հանրային համակարգի ֆինանսական կառավարման և
հսկողության օրենսդրական ակտերը, ինչպես
նաև ներքին աուդիտի աշխատանքը կարգավորող մեթոդաբանական ցուցումները և
վարվելականոնները: Աուդիտի կազմակերպման և իրականացման գործընթացի մասով
խորհրդատվություն է մատուցվել Ղրղզստանի կրթության և գիտության, աշխատանքի,
միգրացիայի և երիտասարդության հարցերի, գյուղատնտեսության և մելիորացիայի
նախարարություններին:
Ծրագրի արդյունքում մշակվել են ուսուցողական նյութեր`
Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վերապատրաստման կենտրոնի
կողմից ներքին աուդիտորների համար դասընթացներ կազմակերպպելու նպատակով:
«Ղրղզստանի Հանրապետության հանրային կառավարման ոլորտի
ներքին հսկողության և ներքին աուդիտի համակարգի կարողությունների զարգացում» ծրագրի իրականացման կապակցությամբ Ղրղզստանի
Հանրապետության ֆինանսների նախարար Օլգա Լավրովան իր շնորհակալական նամակում նշում
է, որ Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության հետ համագործակցությունը
բավականին բեղմնավոր էր, և ծրագիրն իրականացվել է պատշաճ մակարդակով և ներկայացված
բոլոր պահանջներին համապատասխան:
Նշենք, որ «Ամերիա» ընկերությունների խմբի անդամ «Ամերիա» ՓԲԸ-ն
Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է, իրականացնում է
լայնածավալ աշխատանքներ կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և
ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային
ներդրումների, կորպորատիվ կառավարչական խորհրդատվության, պետական կառավարման ու
բարեփոխումների և այլ ոլորտներում: «Ամերիա» ՓԲԸ մաս կազմող կառավարման
խորհրդատվական ծառայությունը մասնագիտացված է ռազմավարության, գործառնական,
մարքեթինգի, կորպորատիվ ֆինանսների, մարդկային ռեսուրսների կառավարման,
հետազոտությունների և հանրային հատվածի խորհրդատվության ոլորտներում: