Իրանը դեմ է տարածաշրջանում արտաքին ուժերի տեղակայմանը, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին`մեկնաբանելով ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորության վերաբերյալ հարցը:
Նրա խոսքով, շփման գծում խաղաղապահների տեղակայումը կախված է Հայաստանի, Ադրբեջանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի որոշումից: ՙՍակայն, Իրանը դեմ է տարածաշրջանում արտաքին ուժերի տեղակայմանը, քանի որ դա կարող է հարցականի տակ դնել վերջինիս կայունությունը: Մենք դա տեսել ենք արդեն Իրաքում և Աֆղանստանում, և չպետք է թույլ տանք այլ երկրների միջամտությունը տարածաշրջանի իրավիճակին՚,- նշել է դեսպանը: Ըստ որում, դիվանագետը քիչ հավանական է համարել ԼՂՀ-ում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:
Հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության առնչությամբ դեսպանը հայտարարել է, որ ԻԻՀ-ն հանդես է գալիս ցանկացած բռնության դեմ: ՙԵթե հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություններ կան, ինչու՞ դիմել զենքի օգնությանը՚,- ասել է դեսպանը: Նա նաև հերքել է տեղեկատվությունը, թե Նախիջևանում թուրքական ստորաբաժանումներ կան: Նրա խոսքով, Հայաստան-Նախիջևան-Իրան հատվածում որևէ բախում տեղի չի ունենա: