Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիսկա) տան մոտ Ավետիք Բուդաղյանի սպանության և Արտակ Բուդաղյանի վիրավորման փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում կրկնական փորձաքննություն կանցկացվի: Այդ մասին ԱրմԻնֆոյին հաղորդել է Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը, որը ներկայացնում է Բուդաղյանների ընտանիքի շահերը:
ՙՄենք ներկայացրել ենք համապատասխան միջնորդություն, և գործով զբաղվող քննիչն արդեն բավարարել է այն: Մենք կարծում ենք, որ նախորդ փորձաքննության արդյունքները թվում էին չափազանց կասկածելի: Մասնավորապես, դեպքի վայրում հայտնաբերված փամփուշտի փորձաքննությանն մասով, ինչի առնչությամբ ես ներկայացրել եմ այդ միջնորդությունը: Թե երբ կանցկացվի կրկնական փորձաքննություն` առայժմ հայտնի չէ: Սակայն ես դիմել էի նաև Ոստիկանապետին` սպանության օրը դեպքի վայրի զննության ընթացքում ոստիկանների թույլ տված կոպիտ խախտումների առնչությամբ ծառայողական հետաքննություն անցկացնելու խնդրանքով, սակայն Ոստիկանությունում գտնում են, որ խախտումներ չեն արձանագրվել՚, - հաղորդել է Ալումյանը:
Փաստաբանի ասելով, Գլխավոր դատախազությունը, պատասխանելով իր նամակում տեղ գտած այն հարցին, թե արդյոք Խաչատրյանի տան մոտի միջադեպի մասին ԶԼՄ-ների հրապարակումները դիտարկվել են որպես հաղորդում քրեական հանցագործության մասին, հաղորդել է, թե ծանոթ չէ հրապարակումների տվյալներին: Ինչից հետո հրապարակումների վերաբերյալ իր նոր նամակը փոխանցել է Հատուկ քննչական ծառայություն, նշելով, որ այդ գործն իր վարույթում չէ: