Գերմանիան ամեն ջանք կգործադրի <<Արևելյան գործընկերությունում>> Հայաստանի անդամությունը շարունակելու համար, հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը` դեսպանության վերակառուցված շենքի բացման արարողության ժամանակ:
<<Հայաստանը ԵՄ <<Արևելյան գործընկերություն>> ծրագրի անդամ է, և Գերմանիան անհրաժեշտ ամեն ինչ կանի այդ համագործակցությունը շարունակելու համար>>, - նշել է Մորելը:
Դիվանագետը նաև նշել է, որ Գերմանիայի դեսպանությունը երկու տարի տևած վերանորոգման աշխատանքների ընթացքում ոչ մի օր չի դադարեցրել գործունեությունը:
Մասնավորապես, դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը սեյսմաակտիվ գոտում է գտնվում, և այդ աշխատանքների նպատակը երկրաշարժի դեպքում դեսպանատան աշխատակիցների անվտանգության ապահովում է:
Արարողությանը ներկա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին հայտարարել է, որ երկու երկրների միջև համագործակցությունն ընթանում է չափազանց բարձր մակարդակով: Նա Գերմանիային երախտագիտություն է հայտնել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման գործում աջակցության համար:
Ավելացնենք, որ վերանորոգման աշխատանքների ընթացքում ծախսվել է 3,2 մլն եվրո: Աշխատանքներն իրականացրել են գերմանական և հայկական ընկերությունները: