«Երևանի գարեջուր»
ՓԲԸ գործարանը, որն արտադրում է Կիլիկիա գարեջուրը, հարկային մարմինների կողմից
տուգանվել է 653.6 մլն. դրամով (1.5 մլն.դոլար): Այս մասին է նշվում ՀՀ ֆինանսների
նախարարության զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում
տեղի ունեցած 12 հարկային ստուգումների արդյունքում բացահայտվել է բյուջեի հանդեպ
731 մլն.դրամի պարտավորություններ, որտեղ առյուծի բաժինն ընկնում է «Երևանի
գարեջուր» ՓԲԸ-ին:
ԱրմԻնֆո գործակալության
թղթակցին չի հաջողվել պարզաբանումներ և մեկնաբանություններ ստանալ
ձեռնարկությունից:
Նշենք,
որ այդ ձեռնարկությունում առաջին անգամ չեն անցկացվում հարկային ստուգումներ, և,
որոշ տվյալներով, դրանցից մեկի ընթացքում, անցյալ տարի, անգամ կանգնեցվել էր
արտադրությունը: Նշենք, որ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն 2013-2014 թվականների
ծրագրում է արտահանման ծավալներն ավելացնել 2 անգամ, 2012-ի 2.2 մլն. դոլարի
համեմատ: Ընկերության զուտ շահույթը 2011-ին կազմել է մոտ 5 մլն.դրամ, 2010-ին`
375 մլն.դրամ, 2009-ին` մոտ 98 մլն.դրամ: Ընկերության կանոնադրական կապիտալը
կազմում է 355,244 մլն.դրամ: Ընկերության սեփականատերերն են Աշոտ Բաղդասարյանը և
Հակոբ Հակոբյանը: Ընկերությունը 2012-2013 թվականների աուդիտորական
հաշվետվությունը չի հրապարակել: