Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կայացրել է որոշում, որի
համաձայն, Շվեյցարիայի իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական
կոնվենցիայի 10-րդ հոդվածը (կարծիք արտահայտելու ազատություն)` 2007 թվականին
Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին տուգանքի դատապարտելով
Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտելու համար:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ՄԻԵԴ որոշման մեջ
ասվում է, թե Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ Փերինչեքի հայտարարությունները
զերծ են Մարդու իրավունքների եվրոպական
կոնվենցիայի 17-րդ հոդվածի հատկանիշներից (իրավունքների չարաշահման արգելք):
Դատավորները հիշեցրել են այն մասին, որ «գաղափարների արտահայտումը, որոնք կարող են
ցնցել, վիրավորել կամ շփոթեցնել, պաշտպանվում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով»: Ընդ
որում Ստրասբուրիգի դատարանն ընդգծել է, թե Փերինչեքը «երբեք չի վիճարկել 1915
թվականի զանգվածային սպանություններն ու տեղահանությունը, այլ հանդես է եկել
«ցեղասպանություն» տերմինի կիրառման դեմ»:
Դատարանը հիշեցնում է, որ այն սուր հարցերը հրապարակավ
քննարկելու իրավունքի ազատ իրագործումը, որոնք կարող են վիրավորել ինչ-որ մեկի
զգացմունքները, կարծիք արտահայտելու ազատության հիմնական ասպեկտներից մեկն է, որով
ժողովրդավարական, հանդուրժողական և բազմակարծիք հասարակությունը տարբերվում է
տոտալիտար կամ բռնապետական վարչակարգից», - ընդգծել են ՄԻԵԴ-ում:
Ընդ որում դատավորները նշել են, որ իրենք չեն դիտարկել
Հայոց ցեղասպանության իրավաբանական սահմանումը: Ստրասբուրգի Ֆեմիդայի
սպասավորիների կարծիքով, «Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունները չպետք է
պարտադիր ընդունեն օրենքներ, որոնք պատժամիջոցներ են նախատեսում պաշտոնական
տեսակետը կասկածի ենթարկող անձանց նկատմամբ, և պետք է հասկանան, որ կարծիք
արտահայտելու ազատությունը, նախևառաջ, նպատակաուղղված է փոքրամասնության դիրքորոշման
պաշտպանությանը, որը կարող է հանգեցնել ընդհանուր, դեռ լիովին չպարզաբանված
հարցերի շուրջ քննարկման»: Ընդ որում ՄԻԵԴ Փերինչեքին փոխհատուցում տրամադրելու
որոշում չի կայացրել, նշելով, որ նրա նկատմամբ 10-րդ հոդվածի խախտման ճանաչումը
լիովին փոխհատուցում է նրա կրած բարոյական վնասը: ՄԻԵԴ դատավճիռը կարող է
բողոքարկվել երեք ամսվա ընթացքում: