Երևանի քաղաքապետարանի
աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով շարունակվում է խախտվել բազմաթիվ քաղաքացիների իրավունքը: Այդ մասին ասվում է
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդագրությունում:
Փաստաթղթում նշվում է, որ մարդիկ հաճախ չեն կարողանում սեփականացնել իրենց կողմից օգտագործվող տարածքները և ստիպված են լինում սպասել տարիներ կամ փնտրել քաղաքապետարանի աշխատակցի, ով անհատական լուծում կտա իրենց խնդրին: «Երևանում ավտոտնակների, կրպակների և այլ տարածքների օրինականացումը կարող է հանգեցնել կոռուպցիոն դրսևորումների», - ընդգծվում է
հաղորդագրությունում:
Օմբուդսմենի աշխատակազմի կարծիքով, դրա պատճառն այն է, որ Քաղաքապետարանը օգտագործում է մայրաքաղաքի գոտիավորման սխեմաները, և մի դեպքում քաղաքացիների տարածքներն օրինականացվում են, իսկ մյուս դեպքում՝ մերժվում: Մերժման դեպքերը Երևանի քաղաքապետարանը պատճառաբանում է գոտիավորման սխեմաներում փոփոխություններ կատարելու կամ դրանց հաստատված չլինելու հիմքերով:
«Գոտիավորման նախագիծն այն փաստաթուղթն է, որի հիման վրա Երևանի վարչական շրջաններում տրվում են հողամասեր, ինչպես նաև շենքերի ու շինությունների կառուցման թույլտվություն: Երևանում, սակայն, կան այնպիսի վարչական շրջաններ, որոնց համար դեռևս չկան քաղաքաշինական գոտիավորման նախագծեր, իսկ այն շրջաններում, որտեղ արդեն իսկ հաստատված սխեմաները գոյություն ունեն, քաղաքապետարանն անհիմն կերպով ձգձգում է սեփականաշնորհման գործընթացը՝ պատճառաբանելով, թե դրանք վերջնական հստակեցման կարիք ունեն: Այնինչ, շատ դեպքերում այս պատճառաբանությունը պարզապես անհիմն է, քանի որ որոշ վարչական շրջանների քաղաքաշինական գոտիավորման նախագծերը հաստատվել են տարիներ առաջ, իսկ Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագրով նախատեսված չէ մշակել կամ փոփոխել դրանք», - ասվում է հաղորդագրությունում: