Կենսաթոշակային
հիմնադրամների լռությունը, որոնց վստահված է կենսաթոշակային ակտիվների
կառավարումը, հակասում է ապագա կենսաթոշակառուների շահերին: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ
զրույցում այդպիսի կարծիք է հայտնել «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր
տնօրեն Արամ Կայֆաջյանը` մեկնաբանելով կուտակային կենսաթոշակային համակարգի կարևոր
բաղադրիչների մասին քաղաքացիների մեծ մասի լիակատար անտեղյակությունը: «Մենք
չափազանց մտահոգված ենք կենսաթոշակային հիմնադրամների յուրօինակ լռությամբ: Շատերը
նրանցից ակնկալում են որոշակի ակտիվություն, ԶԼՄ-ներում նրանց հաճախակի հայտնվելը,
մանրամասն տեղեկատվություն ռազմավարական ծրագրերի մասին: Կառավարող հիմնադրամների
նման վարքագիծը կարելի է բացատրել կամ անտարբերությամբ հայկական փոքր շուկայի
նկատմամբ, կամ երկրում պրոոֆեսիոնալ կադրերի բացակայությամբ: Կարծում եմ,
օտարերկրյա մասնագետների` վերլուծաբանների և կառավարիչների ներկայությունն այստեղ
կմեծացներ վստահությունն այդ հիմնադրամների նկատմամբ», - նշել է նա:
«Արմենբրոկի»
ղեկավարի գնահատմամբ, երկու հիմնադրամներն, այդուհանդերձ, առաջատար խաղացողներ են
կենսաթոշակային խնայողությունների վստահական կառավարման եվրոպական շուկայում և
կառավարում են պատկառելի ծավալի ակտիվներ, ինչը վստահություն է առաջացնում նրանց
գործունեության նկատմամբ:
Փորձագետը
փարատել է ապագա կենսաթոշակառուների բազմաթիվ մտավախությունները կենսաթոշակային
ակտիվների հնարավոր փոշիացման առնչությամբ. «Կուտակային համակարգի հակառակորդների
կողմից հնչեցվող մտավախություններից շատերը ենթադրական են, և դրանցից միայն
երկուսը տնտեսական հիմք ունեն: Մասնավորապես, կենսաթոշակային հիմնադրամ
հատկացումների 5 տոկոսի բարձր մակարդակը (մինչև 500 հազար դրամ աշխատավարձի
դեպքում) և տնտեսական ցնցումների հնարավորությունը, ինչպիսիք են դեֆոլտը կամ
հիպերինֆլյացիան: «Վերջին մտավախությունը քաղաքացիները պայմանավորում են
կենսաթոշակային բարեփոխման երկարաժամկետ արդյունքով: Տեսականորեն դա հնարավոր է,
քանի որ երկու-երեք տասնամյակում ցանկացած երկրի տնտեսական կոնյունկտուրան
ցիկլերով կրկնվող ճգնաժամների ֆոնին կարող է էապես փոխվել», - պարզաբանել է
փորձագետը, ընդգծելով, սակայն, որ պատկառելի արտաքին պարտք կուտակած Հայաստանին,
այնուամենայնիվ, դեֆոլտ չի սպառնում:
Դատելով
կենսաթոշակային հիմնադրամ հատկացումների մակարդակի մասին` Ա.Կայֆաջյանը տեղեկացրել
է, որ մի շարք զարգացող երկրներում կենսաթոշակային հատկացումների ( քաղաքացիների
կողմից) տոկոսը համեմատաբար ցածր է, իսկ որոշ պետություններում այդ տոկոսը
փոփոխվում է` կախված տնտեսական կոնյունկտուրայից:
Հիշեցնենք,
որ
կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվել
է 2011 թվականի հունվարի
1-ից,
իսկ
2014 թվականի հունվարի
1-ից`
դրա պարտադիր
բաղադրիչը: Համակարգի մասնակիցները կլինեն
1974 թվականի հունվարի
1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները:
<Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին>
օրինագծի համաձայն,
բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին,
իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի
150%-ը:
Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի
5%-ը,
որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ
5%-ը
(բայց
25 հազ.դրամից ոչ ավել): 2-3 հազար դոլարին համարժեք դրամի չափ բարձր
աշխատավարձ ստացողները, փաստորեն, «կորցնում են» իրենց աշխատավարձի 10-12 տոկոսը:
2014 թվականի փետրվարից Հայաստանի կենսաթոշակային
ակտիվները կկառավարեն եվրոպական երկու մասնավոր հիմնադրամներ` ֆրանսիական Amundi-ն (Societe Generale (20%) և Credit Agricole (80%) ընկերությունների դուստրը) և գերմանական C-Quadrat ընկերությունը: Նրանց
վստահված ակտիվների ծավալը նոր համակարգի ներդրման առաջին տարում կկազմի շուրջ 100
մլն դոլար: Amundi ընկերության ակտիվները
կազմում են 1,3 տրլն դոլար, իսկ C-Quadrat-ինը` 500 մլրդ դոլար: