ՀՀ Ազգային ժողովում իրավական ճգնաժամ է հասունանում: Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը ՀՀ Աժ-ից, խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչները, բացի Հայաստանի հանրապետական կուսակցությունից, որոշել են բոյկոտել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը, ինչի պատճառով ՀՀԿ-ն չի կարող կազմակերպել Ազգային ժողովի նախագահի` այսօր նախատեսված ընտրությունները:
Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելը հնարավորություն չի տալիս քվորում ապահովել ձայների հաշվման համար: ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը, ըստ էության, պարզորոշ պատասխան չի տվել այն հարցին, թե իշխանական կուսակցությունն ինչպես պետք է ելք գտնի իրավիճակից: Նա միայն հավաստիացրել է, որ ՀՀԿ-ն կքննարկի ընթացիկ իրավիճակը և կգտնի լուծում, որը կհամապատասխանի Սահմանադրությանը և օրենքներին: Սակայն, Շարմազանովը չի պարզաբանել, թե ինչ լուծումների մասին է խոսքը:
Նշենք նաև, որ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ոչ իշխանական խմբակցությունների, մասնավորապես`ՙԲարգավաճ Հայաստանի՚ և ՙՕրինաց երկրի՚ ներկայացուցիչները հայտարարել են, որ դեռ չեն կողմնորոշվել, թե կմասնակցեն արդյոք քվեարկությանը: Ավելի վաղ ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն բոյկոտել են քվեարկությունը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում իշխանական կուսակցությունն առաջադրել է խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը: Այսօր այդ պաշտոնի համար իրենց թեկնածությունն են առաջադրել ՀԱԿ-ից պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ինչպես նաև ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: