Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2013

Սաֆարյան Աշոտ

ՍԴՀԿ. Սոցիալական անարդարությունը, կոռուպցիան, օլիգարխիան, մենաշնորհները դարձել են մեր երկրի քաղցկեղը

ՍԴՀԿ. Սոցիալական անարդարությունը, կոռուպցիան, օլիգարխիան, մենաշնորհները դարձել են մեր երկրի քաղցկեղը

Սոցիալական անարդարությունը, կոռուպցիան, օլիգարխիան, մենաշնորհները դարձել են մեր երկրի քաղցկեղը, ասվում է ՍԴՀԿ Մամլո դիւանի հայտարարության մեջ: 


ՙԱնցնող 2013 թ-ն իր բովանդակությամբ առանձնապես տարբեր չէր վերջին 20 տարիներին տիրող խայտառակ իրավիճակից: Շարունակելով մնալ շրջափակման մեջ ու չհայտարարված պատերազմի իրավիճակի պայմաններում՝ մեր երկրի իրար հաջորդող իշխանությունները չկարողացան իրենց քաղաքականությունն ուղղել դեպի ՀՀ քաղաքացին, այսկերպ էլ ավելի անկատար ու հակամարդկային դարձնելով գործող համակարգը: Շարունակական  մեծ թիվ է կազմում արտագաղթը, Հայրենիքը լքում են զանգվածաբար, ամեն քայլափոխի խախտվում է ՀՀ օրենքները և մարդու իրավունքները, քաղաքացիների  սոցիալական կարգավիճակը էլ ավելի է վատթարանում: 


Այս իրավիճակում է, որ ՍԴՀԿ-ն կոչ ուղղեց բոլոր հայրենասեր ուժերին մաս կազմել ձախ ուժերի դաշինքին՝ 2014 թ-ին երկրում համակարգային փոփոխությունների համար պայքարելու նպատակով: Մի քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու և հիմա էլ շեշտում ենք, որ անձինք չէ, որ կարող են մեր երկրում համակարգ փոխել: Իրար հաջորդող իշխանությունները փոխեցին անձանց, սակայն տրամաբանությունը,գործելակերպը երկրում առկա  բարքերը մնացին նույնը: Սոցիալական անարդարությունը, կոռուպցիան, օլիգարխիան, մենաշնորհները դարձել են մեր երկրի քաղցկեղը, որը արդեն իսկ սպառնում է ազգային անվտանգությանը: Սա է,  որ խեղդում է Հայաստանի քաղաքացուն, փոքր և միջին բիզնեսը, հագուրդ տալիս օլիգարխների՝  իրենց միլիարդները մի քանիսով ավելացնելու ոչ մարդկային կրքին: Մենք չենք հանդուրժում և  իրավունք չունենք հանդուրժել ներկա համակարգը, մեզ օդի և ջրի պես անհրաժեշտ է  կառավարման համակարգի արդար, քաղաքացուն, մարդուն այլ ոչ թե օլիգարխին ծառայող մոդել: Վստահ ենք, որ 2014 թ-ը լինելու է վերելքի, փոփոխությունների տարի: Այդ համակարգային փոփոխությունը հանգեցնելու է արդարության, այն արդարությանը, որ ամեն օր փնտրում ենք յուրաքանչյուրս, սակայն այդպես էլ չենք գտնում ոչ իշխանության, ոչ էլ հրապարակ ելած ընդդիմության գործելաոճում և քաղաքական գործիքակազմում: Սիրելի հայրենակիցներ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը շնորհավորում է բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ վստահ լինելով, որ շատ մոտ ապագայում մենք ապրելու ենք Արդար Հայաստանում՚,- ասվում է հայտարարության մեջ: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն