Ազգային ժողովը մայիսի 15-ի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական
ընթերցմամբ հաստատել է կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների ընդլայնված տարբերակը: Եթե նախապես կառավարությունն առաջարկել էր միայն կասեցնել վերը նշված օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, որը նախատեսում էր տուգանքներ համապատասխան կենսաթոշակային վճարումների փոխանցումից հրաժարվելու համար, ապա մինչև արտահերթ նիստը օրինագծում ավելացվել է ևս 3 կետ:
Ներկայացնելով կառավարության օրենսդրական նախաձեռնությունը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտյոմ Ասատրյանը նշել է, որ օրինագծում առաջարկվում է նաև ավելացնել կետ, որի համաձայն, կենսաթոշակային բարեփոխումների գործողությանը ենթակա քաղաքացիներն ազատվում են համապատասխան վճարումները չկատարելու կամ փոխանցման ժամկետները խախտելու համար պատասխանատվությունից: Բացի այդ, եթե քաղաքացին գործատուին դիմում է ներկայացնում այն մասին, որ ինքը հրաժարվում է մասնակցել կուտակային համակարգին, գործատուն կարող է վճարումները չփոխանցել և համապատասխան հաշվարկներ չկատարել: Դրա հետ մեկտեղ, նշել է նախարարը, այդ համակարգում պետական մասնակցության բաժինը կփոխանցվի կենսաթոշակային հիմնադրամներ մինչև սեպտեմբերի 30-ը, որը ՍԴ որոշմամբ ժամկետ է սահմանվել կառավարության համար` օրինագծի թերությունները վերջնականապես վերացնելու համար: Ասատրյանն ընդգծել է, որ այս օրինագիծը ժամանակավոր լուծում է, որը կոչված է ժամանակ տրամադրելու գործադիր իշխանությանը հարցը համակողմանի քննարկելու և այնպիսի որոշում մշակելու համար, որը բավարարի մեծամասնությանը: Ընդ որում նախարարը հասկացրել է, որ կառավարությունը չի հրաժարվում կուտակային կենսաթոշակների ներդրման գաղափարից, քանի որ, «հաշվի առնելով ժողովրդագրական իրավիճակը և երկրում առկա ռեսուրսները, առանց նման համակարգի երբեք հնարավոր չի լինի մարդկանց նորմալ կենսաթոշակով ապահովել» Հայաստանում:
Օրենքը
կգործի միչև սեպտեմբերի 30-ը: Մինչ այդ կառավարությունը խորհրդարան կներկայացնի
կենսաթոշակային համակարգի ճակատագրի վերաբերյալ վերջնական օրինագծերի փաթեթ:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերջնական խմբագրությունը պետք է
ընդունվի մինչև սեպտեմբերի 30-ը, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի
որոշումը, որը հակասահմանադրական է ճանաչել օրենքի մի շարք դրույթներ: