Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ փոխհամաձայնության հասնելու
հավանականությունը մեծ է: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱԺ
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով
«Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների այսօր կայացած նիստի
արդյունքին:
Ռ.Հակոբյանն ընդգծել է, որ քննարկումը եղել է բավականին
արդյունավետ, և ավելի վաղ 4 քաղաքական ուժերի ներկայացուցիչները պայմանավորվել
էին, որ խմբակցություններից յուրաքանչյուրը նիստի կգա սեփական
առաջարկություններով: Նա տեղեկացրել է, որ յուրաքանչյուր խմբակցության նախագիծը
կքննարկվի կուսակցական մարմիններում, և վերջնական որոշում կկայացվի հաջորդ համատեղ
նիստում:
«Ժառանգություն»
խմբակցության ղեկավարի ասելով, 4 խմբակցությունները պետք է միասնական դիրքորոշում
մշակեն կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի նկատմամբ: «Միանգամայն
հավանական է, որ առաջիկա հանդիպման ընթացքում մենք նման համաձայնության կհանգենք»,
- նշել է Հակոբյանը: