«Հրաշալի
քառյակի» շարժման գերակշռող ուժը ԲՀԿ-ն է, և դրա ապացույցը հոկտեմբերի 10-ի
հանրահավաքն էր: Հոկտեմբերի 11-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի
միջազգային անվտանգության խնդիրների ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը:
Նրա ասելով, ոչ իշխանական քառյակում (ՀԱԿ, ԲՀԿ,
«Ժառանգություն», ՀՅԴ) միշտ եղել է «առաջին շրջանակ» հասկացություն, քանի որ հենց
ԲՀԿ և ՀԱԿ առաջնորդներ Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն են որոշում
կայացնում այն մասին, թե երբ և որտեղ կընթանա հանրահավաքը: Այդ համատեքստում նա
պատահական չի համարել նաև այն, որ Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը չսպասեցին
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին և առանց նրա սկսեցին հանրահավաքը:
«Կարծում եմ, դա գիտակցում են նաև «Ժառանգությունում», սակայն անհասկանալի է, թե
ինչու չեն լքում եռյակի կամ արդեն քառյակի շարքերը», - նշել է նա:
Քաղաքագետի
կարծիքով, հանահավաքում ուղերձ հղվեց այն մասին, որ ինչպես ՀԱԿ-ը, այնպես էլ ԲՀԿ-ն պատրաստ են մասնակցել
2017-2018 թթ. ընտրություններին, իսկ Ծառուկյանը հստակ արտահայտեց նախագահի
պաշտոնի համար առաջադրվելու իր մտադրությունը: Իսկ ինչ վերաբերում է
Տեր-Պետրոսյանին, ապա քաղաքագետը կարծում է, որ նա իր խոսքում սահուն կերպով
հրաժարվեց ընդդիմության կողմից կառավարությանն առաջարկած 12 կետերից: «Նա նաև
փորձում է ԲՀԿ-ին համոզել համախմբվել և պահանջել նախագահի հրաժարականը, սակայն դա
նրան առայժմ չի հաջողվում», - հայտարարել է նա: Սաֆարյանն ընդգծել է, որ ոչ
իշխանական ուժերը չեն շտապում իրենց գործողություններում, սակայն ստեղծում է արագ
գործողությունների նախապատրաստման տպավորություն, որպեսզի ժողովրդի ոգևորությունը
չմարի: