2014 թվականին
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 11 մլրդ
դրամ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ընկերության գլխավոր
տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընդսմին հավելելով, որ խոսքն առայժմ վերաբերում է նախնական
տվյալներին: Ընդ որում, գլխավոր տնօրենը կոչ է արել ներդրումների ծավալն ԱՄՆ
դոլարով հաշվարկելիս ղեկավարվել 2013 թվականի վերջի տվյալներով:
«Ներդրումների ծավալների վերջնական տվյալների մասին
խոսելն առայժմ վաղ է: Անհրաժեշտ է սպասել, քանի որ տարին դեռ չի ավարտվել: Սովորաբար,
տարվա արդյունքներն ամփոփվում են հունվարի կեսին: Հիմնականում, միջոցներներն
ուղղորդվել են ցանցի արդիականացմանն ու նոր բազային կայանների տեղաբակայմանը», -
ընդգծել է Ռալֆ Յիրիկյանը:
Նրա ասելով, այդ աշխատանքը կշարունակվի նաև 2015
թվականին: «Կշարունակվի բազային կայանների ստեղծման աշխատանքը, կիրագործվի
սոցիալական պատասխանատվության ծրագիր: Մեզ համար չափազանց կարևոր է պահպանել
դիրքերը շուկայում, որոնք կազմում են 60%: Այդ համատեքստում սպասվում է բազմաթիվ
ծրագրերի իրագործմանն ուղղված քրտնաջան աշխատանք: Ելնելով առևտրային
նկատառումներից` ես չեմ կարող ներկայացնել այդ ծրագրերի էությունը», - նշել է
գլխավոր տնօրենը:
«ՎիվաՍել-ՄՏՍ»
հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80%-ի
սեփականատերը Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե
տելեսիստեմի» ԲԲԸ-ն է, մնացած 20%-ը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային
խմբին: