Թուրքիայի անշարժ գույքի գլխավոր վարչությունը որոշել է
հայկական «Սուրբ Փրկիչ»ւ հիմնադրամին
վերադարձնել 42 հազար քմ
մակերեսով հողատարածքը,
որում գտնվում է նաև Ստամբուլի «Զեյթինբուրնու» մարզադաշտը:
Ինչպես
հաղորդում է Ermenihaber.am-ը, ավելի վաղ մարզադաշտին հարաղ տարածքը
գտնվում էր Զեյթինբուրնու վարչական շրջանի հաշվեկշռում, և շրջանային վարչակազմն ընդդիմացել էր Անշարժ գույքի գլխավոր վարչության կայացրած որոշմանը և հայցով դիմել դատարան, որը որոշում է կայացրել հայկական հիմնադրամի օգտին:
«Սուրբ Փրկիչ» հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հաղորդել է, որ վերադարձված տարածքը գնահատվում է մոտավորապես 338 մլն լիրա (շուրջ 180 մլն դոլար): Նա նաև
հաղորդել է, որ առայժ չեն որոշել, թե ինչ կկառուցվի վերադարձված տարածքում: «Հնարավոր է, կառուցվի բիզնես-կենտրոն, առևտրի կենտրոն կամ հյուրանոց: Ինչ էլ որ կառուցվի, ստացված շահույթն ուղղորդվելու է «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի և հայկական համայնքի կարիքներին», - տեղեկացրել է նա:
Հիշեցնենք, որ վերը նշված հողատարածքը հայկական համայնքից խլվել էր դեռևս 1994 թվականին: Այն ժամանակ հայկական համայնքը դիմել էր դատարան, բայց` ապարդյուն: 2011 թվականի օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի, հայկական և հրեական եկեղեցիներին պետք է վերադարձվի 1930-ականներից հետո բռնագրավված նրանց
գույքը` հիվանդանոցներ, մանկատներ, դպրոցներ և այլ տեսակի անշարժ գույք: