Ղրիմի
հանրաքվեից հետո կսկսվեն սահմանների նոր վերաձևում և նոր անկարգություններ
ասոցացման համաձայնագրի երկրներում: Մարտի 17-ին մամուլի ասուլիսում այդպիսի
կարծիք է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Փորձագետի ասելով, հաջորդ երկիրը, որտեղ կսկսվեն
զանգվածային անկարգություններ, կլինի Թուրքիան: «ԱՄՆ Ուկրաինան օգտագործեց
Ռուսաստանի շահերը ոտնահարելու համար, սակայն դա նրան չհաջողվեց, և այժմ ստեղծվող
Քրդստանի միջոցով Նահանգները քաոսը կտարածի աոցացման համաձայնագրի երկրներում`
Եվրոպային և Ռուսաստանին վերջնականապես կռվեցնելու նպատակով», - նշել է նա: Ընդ
որում Մանուչարյանն ավելացրել է, թե Թուրքիայում անկարգությունների համար մեկնակետ
կարող է դառնալ Նախիջևանը, ինչից հետո կսկսվեն տարաձայնություններ Հայաստանի հետ,
որը Ռուսաստանի հովանավորության ներքո է: «Ռուսաստանը, բնակաբար, կպաշտպանի
Հայաստանին, իսկ Եվրոպան` Թուրքիային, ինչը կհանգեցնի ԱՄՆ փայփայած նպատակին», -
հայտարարել է նա:
Մանուչարյանը նաև նշել է, որ աշխարհում դիտվում է ազգամիջյան հակամարտությունները Ժողովուրդների
ինքնորոշման իրավունքի սկզբունքով կարգավորելու միտում, որը, սակայն, կարող է շրջանցել Լեռնային Ղարաբաղը: «Տվյալ
պահին դա ձեռնտու չէ ոչ ԱՄՆ-ին, ոչ` Ռուսաստանին, հետևաբար, Ադրբեջանն իրեն կպահի
չափազանց համեստ», - հայտարարել է փորձագետը: Նա նաև ընդգծել է, որ այժմ աշխարհը թևակոխում
է նոր դարաշրջան, որում բոլոր դերերը փոխվում են, և ԱՄՆ կորցնում է թելադրողի
դիրքը: «Ռուսաստանը դուրս է եկել որջից և նրան հետ քշելը գրեթե անհնար է», -
եզրափակել է նա:
Հիշեցնենք,
որ մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքում Ղրիմի թերակղզու բնակիչների 96,77
տոկոսը քվեարկել է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը Ռուսաստանին միացնելու օգտին: