Թուխմանուկի հանքավայրի երրորդ պոչամբարը կառուցելու ծրագրերը հարուցել են հարակից Մելիք գյուղի բնակիչների բողոքը:
Փետրվարի 10-ին և 12-ին ՙՄեգո գոլդ՚ ընկերությունը և ՀՀ Բնապահպանության նախարարությունը Երևանում նախագծի շուրջ հանրային լսումներ են անցկացրել: Մինչդեռ, ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ՙԹռչնասերների կենտրոնի՚ ղեկավար Սիլվա Ադամյանը, Մելիք գոյւղի բնակիչները կտրականապես դեմ են դրա իրականացմանը: Նրա խոսքով, նախօրեին նրանք կապվել են բնապահպանների հետ և հաղորդել, որ ՙՄեգո գոլդի՚ ներկայացուցիչները կաշառք են բաժանում իրենց` նախագծի հավանությունը ստանալու ակնկալիքով:
ՙՄեզ հետ զրույցում Մելիք գյուղի համայնքի ներկայացուցիչները խոստացել են անել հնարավոր ամեն բան, որպեսզի երրորդ պոչամբարը չկառուցվի՚,- նշել է Ադամյանը: Նա տեղեկացրել է, որ ավելի վաղ շինարարական աշխատանքների համաձայնություն տված գյուղապետը համայնքի ճնշման ներքո հրաժարվել է իր որոշումից: Փետրվարի 15-ին բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները մտադիր են մեկնել Մելիք` տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:
Հիշեցնենք, որ անցած տարի հիշյալ նախագիծը բնապահպանների բացասական գնահատականին էր արժանացել, իսկ հետո ստացել ՀՀ Բնապահպանության նախարարության բացասական բնապահպանական եզրակացությունը: Ավելի վաղ ՙՀայաստանի կանաչների միության՚ ղեկավար Հակոբ Սանասարյանը նշել էր, որ պոչամբարը կառուցվելու է Քասախ գետի հունի մոտ, որտեղ կան բնակավայրեր` այգիներով, արոտավայրերով, խմելու և ոռոգման ջրի աղբյուրներով: Բացի այդ, Թուխմանուկը գտնվում է Հանքավանի ջրաբանական արգելավայրի անմիջական հարևանությամբ:
Մինչդեռ Թուխմանուկի հանքավայրում, հետևաբար` հանքարդյունաբերական թափոններում պարունակվում են մկնդեղ, սելեն, սնդիկ, ցինկ, վոլֆրամ, որոնք կարող են խիստ վտանգավոր լինել մարդու առողջության համար: