Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում Թուրքիայից պահանջել են վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցիներն ու եկեղեցապատկան կալվածքները:
Կաթողիկոսները, մասնավորապես, նշել են, որ 2015 թվականին հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղում եւ Սփյուռքում նշելու է Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: ՙԱնհատական սեփական կալվածքների հետ Օսմանյան կայսրության ենթակայության ներքո գտնվող Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում, ինչպես եւ Թուրքիայի այլ շրջաններում ապրող հայությունը կորցրեց նաեւ եկեղեցապատկան կալվածքներ` եկեղեցիներ, սրբատեղիներ, վանքեր, կրոնական, կրթական ու բարեսիրական կենտրոններ, մշակութային ու կրոնական մեծ արժեք ունեցող իրեր` խաչքարեր, ձեռագրեր, սրբանկարներ եւ այլն: Ցեղասպանության ենթարկված ու բռնի միջոցներով տեղահանված հայ ժողովրդին պատկանող բոլոր կալվածքները սեփականացվեցին Թուրքիո պետության կողմից` ՙլքյալ կալվածքներ՚ անվան տակ՚, - նշվում է համատղե հայտարարությունում:
Կաթողիկոսները նաև ընդգծել են, որ Ցեղասպանությունից 98 տարի անց Թուրքիյի ներկա պետությունը` որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ոչ միայն մերժում է իր նախորդների ծրագրած ու իրագործած ցեղասպանությունը, այլեւ շարունակում է իր հակահայ քաղաքականությունը` բռնագրավված պահելով հայ ժողովրդի կրոնական ու մշակութային արժեքները` եկեղեցապատկան կալվածքներն ու իրերը: ՙՀետեւաբար, կոչ ենք ուղղում Թուրքիո պետությանը եւ պահանջում. 1) Ճանաչել Հայոց ցեղասպանությունը
2) Ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների եւ մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց 3) Անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին` որպես իրավատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները եւ հոգեւոր-մշակութային արժեքները: Աղոթքով հիշելով Հայոց ցեղասպանության զոհերին` դատապարտում ենք ամեն բռնարարք` ուղղված աստվածապարգեւ կյանքի, մարդու արժանապատվության եւ մարդկության խաղաղ համակեցության դեմ՚, - նշել են կաթողիկոսները: Նրանք նաև երախտագիտություն են հայտնել բոլոր ժողովուրդներին ու պետություններին, որոնք Ցեղասպանության օրերին ապաստան տվեցին տեղահանված հայերին եւ հոգատարություն ու եղբայրական սեր ցուցաբերեցին հայրենազրկված ու տարագրված հայերի հանդեպ: ՙՀայ ժողովուրդը հավետ երախտագետ է լինելու նաեւ այն բոլոր պետություններին, որոնք մարդասիրության եւ արդարության սկզբունքներով առաջնորդված` դատապարտել եւ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախասեմին մեր բոլոր կարելիությունները ի գործ պիտի դնենք` միասնաբար իրականացնելու հայ ժողովրդի պահանջները` հանուն արդարության եւ հայության իրավունքների պաշտպանության՚, - եզրափակել են նրանք: