Էլկետրաէներգիայի
թանկացումը կհանգեցնի մյուս ապրանքների գների բարձրացման, ինչը Հայաստանում առկա
սոցիալ-տնտեսական պայմաններում կհանգեցնի հասարակական դժգոհության նոր ալիքի,
մամուլի ասուլիսում հայտարարել է
Հայաստանի ապրանք արտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը:
Նրա ասելով, ցանկացած սոցիալական պետությունում
իշխանությունները վարում են ծառայությունների սակագների նվազեցման
քաղաքականություն` արտադրվող ապրանքների մրցունակությունը բարձրացնելու նպատակով,
Հայաստանում ամեն ինչ հակառակն է: «Երկրում սպառվող էլկետրաէներգիայի ծավալները
տարեցտարի կրճատվում են, մասնավորապես, 2013 թվականին այդ կրճատումը նախորդ տարվա
համեմատ կազմել է 4 տոկոս», - ասել է Սաֆարյանը:
Նա կարծում է, որ էլեկտրաէներգիայի թանկացման պաշտոնական պատճառները` էլեկտրաէներգիա
արտադրող ընկերությունների ֆինանսական դժվարությունները, իրականում հիմնավորված
չեն: Սաֆարյանը համոզված է, որ բնակչությունը պարտավոր չէ սեփական գրպանից վճարել,
որպեսզի այդ ընկերությունների գործերը հաջող ընթանան: «Այն արդարացումները,
թե գների բարձրացումը նպատակաուղղված է
«Հայաստանի էլկետրական ցանցերի» հայտարարած 20 մլրդ դրամ ճեղքածքի փակմանը, մեզ
համար համոմզիչ չեն: Կան այդ ճեղքվածքը վերացնելու այլ միջոցներ: Բացի այդ, մեզ
թվում է, որ հարկավոր է նաև արդյունավետ օգտագործել այսօր գործող 150 փոքր
ՀԷԿ-երը: Անհրաժեշտ է աստիճանաբար կրճատել Հրազդանի ՋԷԿ տեսակարար կշիռը, որի
արատդրած էլեկտրաէներգիան մեզ վրա չափազանց թանկ է նստում», - ասել է Սաֆարյանը:
Միության ղեկավարը նաև առաջարկում է կառուցել Երևանի ՋԱԿ
երկրորդ հերթափոխը: «Երկու տարում կարելի է այն կառուցել: Անհրաժեշտ միջոցներ
երկրում շատ կան, - համոզված է Սաֆարյանը:
Հիշեցնենք,
որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խորհրդարանում
«կառավարության ժամի» ընթացքում հայտարարել էր, թե Հայաստանի էներգահամակարգի
ֆինանսական ճեղքվածքը կազմում է 18 մլրդ դրամ, ինչն էլ համակարգում գործող
ընկերություններին ստիպել է էլեկտրաէներգիայի սակագները 10 տոկոսով բվարձրացնելու
վերաբերյալ հայտ ներկայացնել ՀԾԿՀ, որի նախագահ Ռոբերտ Նազարյանն իր հերթին
հայտարարել էր, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների 10 տոկոսով բարձրացման
մասին որոշումն ուժի մեջ կարող է մտնել արդեն օգոստոսի սկզբից: Երկրում
էլեկտրաէներգիայի գինը Նախատեսվում է
բարձրացնել 1 կՎտ դիմաց 3,8-4,3 դրամով: