«S.O.S. Սեւան» նախաձեռնությունն ապրիլի 28-ին բողոքի ակցիա է անցկացրել Ազգային ժողովի շենքի դիմաց:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի
թղթակիցն իրադարձությունների վայրից, ակցիայի մասնակիցները պահանջել են հավանություն չտալ Սեւանա լճից հավելյալ ջրառին առնչվող կառավարության ներկայացրած օրինագծին: «Մեր այսօրվա ակցիան անցկացնում ենք հանուն լճի փրկության։ Մենք ունենք փաստեր, որոնց համաձայն,
հավելյալ ջրառը կարող է հանգեցնել Սեւանի ճահճացման», - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում
հայտարարել է «Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը։ Նա նաև ընդգծել է, որ չի կարելի ձկնաբուծությունը զարգացնել ի վնաս սեփական ջրային պաշարների:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բնապահպանության նախարարությունը ձկնային
տնտեսություններին թույլտություն էր տրամադրել օգտագործել 1.496 մլրդ
խմ ջուր, թեև Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի վերականգնվող պաշարը կազմում
է 1.226 մլրդ խմ: Արդյունքում` Արարատյան դաշտավայրի 638 արտեզյան հորերից 122 չորացել է, իսկ 6200 հա հող մնացել է,
գործնականում, առանց ջրի: Ստեղծված իրավիճակը համակարգելու համար առաջարկվում է
Սևանից ջրառի առավելագույն ծավալը 170 մլն խմ-ից հասցնել մինչև 240 մլն խմ` 5 տարի
ժամկետով: