Եվրասիական
տնտեսական միությանը միանալիս Հայաստանը չպետք է թույլ տա, որպեսզի անտեսվեն
Արցախի շահերը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է արտահայտել ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Ֆորմալ ձևով
Արցախը կարող է չմիանալ այդ կառույցին, բայց ոչ պաշտոնապես այն կարող է դառնալ նրա
մասնակիցը: Ես չեմ կարող ասել, թե ինչ ձևով կլուծվի այդ հարցը, և կհրաժարվի՞
արդյոք, ընդհանրապես, Երևանն այդ ինտեգրացիոն նախագծին մասնակցելուց, եթե
չցանկանան ընդունել նաև ԼՂՀ-ին: Պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի»,-ասել է
Հակոբյանը:
Նա նաև գտնում է,
որ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կայացած գագաթնաժողովին պետք է ինչ-որ ձևով
արձագանքեր Նազարբաևի հայտարարությանը: «Նրա արտահայտությունները մեզ համար չպետք
է լինեն անակնկալ: Բազմաթիվ հանդիպումների ընթացքում է Ղազախստանն ակնհայտորեն
պաշտպանել Ադրբեջանի շահերը»,-նշել է պատգամավորը:
Նշենք,
որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է ԵԱՏՄ-ին Հայաստանի
անդամակցության շուրջ պայմանագիրն ստորագրել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը:
Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ղեկավարներն, ի պատասխան, առաջարկել են այդ
հարցը քննարկել ժամանկին` մինչև հուլիսի 1-ը, ընդգծելով, որ Հայաստանը պետք է
կատարի միության մասնակիցների կողմից ներկայացվող բոլոր պահանջները: Ղազախստանի
նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կրկին հայտարարել է, որ պետք է հաշվի առնվի
ղարաբաղյան հարցը: Մասնավորապես, նա ընդգծել է, որ Ադրբեջանը կարծում է, որ
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է միանալ այն սահմանների
շրջանակում, որոնցում անդամակցել է ԱՀԿ-ին: ՙՄենք Ադրբեջանի նախագահից նամակ ենք
ստացել այն մասին, որ Հայաստանը ԱՀԿ-ին
անդամակցել է վերապահումով, որ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի տարածքում`
նրա միջազգային սահմանների շրջանակում, որոնք ճանաչել է ՄԱԿ-ը, ինչպես նաև ԱՀԿ-ը:
Սա` քննարկման համար՚, - ասել է Ղազախստանի նախագահը: