Թուրքիան չի փոխի Հայաստանի հետ սահմանների բացման առնչությամբ իր դիրքորոշումը: Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին հայտարարել է Միլի մեջլիսի անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Այդին Միրզազադեն`մեկնաբանելով սիրիահայերի Հայաստան տեղափոխման համար հայ-թուրքական սահմանի բացման ստորագրահավաքի նախաձեռնությունը, որն սկսվել է ԱՄՆ նախագայի կայքում:
ՙՉնայած այն բանին, որ սահմանի փակումից ի վեր 20 տարի է անցել`այդ հարցի առնչությամբ դիրքորոշումը չի փոխվել և չի փոխվի՚,- ասել է Միրզազադեն:
Ըստ որում, նա նշել է, որ հայերի որոշ խմբի կողմից պարբերաբար բարձրացվում է Հայաստանի հետ սահմանների բացման հարցը, բայց դա ոչ ավելի է, քան նախաձեռնություն: Նրա խոսքով. Թուրքիայում գոյություն ունի ժողովրդավարական հասարակություն, այդ պատճառով Հայաստանի հետ սահմանի բացման հարցը կարող է քննարկման դրվել, սակայն այդ հարցի լայն աջակցությունը, նրա կարծիքով, անհնար է:
ՙԱյսօր Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունն առաջին հերթին սկսել է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա: Այդ պատճառով արդեն հիմա կարելի է ասել, որ այդ նախաձեռնություններից ոչ մեկը հաջողություն չի ունենա՚,- ասել է նա:
Թուրքիայի Արտակարգ իրավիճակների և դրանց հետևանքների կանխարգելման վարչությունն (AFAD) իր հերթին հայտարարել է, որ սիրիացի փախստականների`Թուրքիայից Հայաստան անցնելու որևէ անհրաժեշտություն չկա, և այսօր այդ նպատակով թուրք-հայկական սահմանի բացումն անհնար է: ՙԹուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականների կարիքներն ապահովվում են թուրքական պետության և միջազգային կառույցների կողմից՚,- ասել են վարչությունում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայի կայքում կազմակերպվել է ստորագրահավաք` հայ-թուրքական սահմանի բացման համար: Ստորագրահավաքի մասնակիցները ցանկանում են, որ Թուրքիան առանց նախապայմանների բացի սահմանը Հայաստանի հետ` առնվազն սիրիահայ փախստականների համար: Ստորագրահավաքի մասնակիցներն Օբամայի ադմինիստրացիային խնդրում են կոչ անել Թուրքիայի կառավարությանը բացել Հայաստանի հետ իր սահմանը` Սիրիայից փախստականների համար:
ՙԱվելի քան 60.000 մարդ է սպանվել Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով:
500.000 փախստականներ փախչելով փրկվել են պատերազմից ու մահից... Բայց միլիոնավոր մարդիկ չեն կարողանում անել դա: Շատ քիչ ավիաընկերություններ են թռիչքներ իրականացնում Սիրիա, տոմսերի քանակն էլ խիստ սահմանափակ է: Հիմնականում, մարդիկ փախչում են Սիրիայից ավտոբուսներով և մեքենաներով: Սիրիայում բնակվում են 200.000 հայեր, որոնց մեծ մասը ցանկանում է փախչել Հայաստան, որտեղ անվտանգ է, որտեղ իրենք կարող են իրենց ապահով զգալ, կարող են գտնել բնակարան, աշխատատեղ և դպրոց գնալ: Սիրիայից Հայաստան եկող ճանապարհը անցնում է Թուրքիայով, որը փակել է Հայաստանի հետ սահմանը դեռ 1993-ին, և դա մեծ դժվարություններ է ստեղծում Սիրիայից փախստականների համար: Ուստի, մենք խնդրում ենք կոչ անել Թուրքիային, որ վերջինս բացի իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ (աեռնվազն փախստականների համար) առանց որևէ նախապայմանների:
21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն՚, - ասվում է ստորագրահավաքի հայտարարության տեքստում: