Երևանում օգոստոսի 24-ին վերսկսվել է Կոմիտաս 5 հասցեում էլիտար բնակարանային համալիրի շինարարությունը: Այս մասին ահազանգել է ՙՆախախորհրդարան՚ քաղաքացիական շարժման անդամ Տիգրան Խզմալյանը:
Աղբյուրի համաձայն, ծանր տեխնիկան ներսում աշխատանք է կատարում: Մինչդեռ, ինչպես հիշեցնում են մերձակա շենքերի բնակիչները, երկու օր առաջ տրվել էր պատկան մարմինների կողմից խոստում 5 օրով դադարեցնելու շինարարությունը` դատարանում այդ հարցը քննարկելու նպատակով: Տարածքում շատանում են ոստիկանները: Քաղաքացիները մոտ 10 հոգի են:
Հիշեցնեն, որ ավելի վաղ ՙՄենք ենք այս քաղաքի տերը՚ քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ`պահանջելով անհապաղ դուրս բերել շինարարական տեխնիկան Կոմիտաս 5-ի բակից: Նշվում է, որ կոռումպացված պաշտոնյաներն ու խոշոր բիզնեսը որոշել են յուրացնել առանց այդ էլ սակավ կանաչ գոտիներ ունեցող Արաբկիրի վարչական շրջանը: ՙԿոչ ենք անում բոլոր երեւանցիներին միանալ Կոմիտաս 5-ի քաղաքացիների դիմադրությանը` ընդդեմ պաշտոնյաների անօրինական գործողությունների և հանրային ունեցվածքի յուրացման՚,- ասվում է ՙՄենք ենք այս քաղաքի տերը՚ քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ:
Էկոլոգներն արդեն բազմիցս փորձում են քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրել Երևանի ակտիվ կառուցապատման վրա: Ինչպես ավելի վաղ նշել է ՙՀանուն կայուն մարդկային զարգացման՚ ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը, տիեզերքից արված լուսանկարների համաձայն, անկախության տարիներին ակտիվ կառուցապատման հետևանքով Երևանը կորցրել է կանաչ տարածքների մինչև 70%-ը: Ստացվում է, որ վերջին տարիներին մայրաքաղաքում ծառերի փոխարեն շենքեր են ՙտնկել՚`միաժամանակ հաշվի չառնելով քաղաքի տարածքի սեյսմիկ ակտիվությունը: