Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը կարող է հանգեցնել Հայաստանի և Եվրամիության միջև առևտրաշրջանառության կրճատման, ՙՊատասխանատու ֆինանսներ՚ թեմայով համաժողովի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը:
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն ափսոսանքով է խոսել ՄՄ-ին անդամակցելու ճանապարհով ընթանալու Հայաստանի որոշման մասին: ՙՑավում ենք, որ Հայաստանն ընթանում է Մաքսային միությանը միանալու, այլ ոչ թե առևտրի ծավալների ավելացման ճանապարհով՚: Ռայներ Մորելը նշել է, որ այդպիսով երկիրն զրկվում է ֆինանսական արտոնություններից, մասնավորապես` Եվրամիության կողմից նախատեսված ցածր սակագներից և մաքսատուրքերից:
ՙՀայաստանը հայտարարել է Եվրամիության հետ համագործակցությունը շարունակելու ցանկության մասին` միաժամանակ պահպանելով այլ երկրների հետ գործընկերային հարաբերությունները: ԵՄ-ն իր հերթին հնարավորությունների չափով կշարունակի համագործակցությունը Հայաստանի հետ՚,- նշել է դեսպանը: Ըստ որում, նա ճշտել է, որ երկիրը պետք է նշի համագործակցության հնարավոր ոլորտները և լուծի ԵՄ պահանջներին դրանց համապատասխանության հարցը: