Հայաստանի Ազգային ժողովը Պոնտոսի հույների ցեղասպանությունն ընկալում է որպես 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում հայոց ցեղասպանության անբաժան տարր, ինչն արձանագրված է նաև ՀՀ սահմանադրության նախաբանում: Այդ մասին, ի պատասխան ԱրմԻնֆոյի թղթակցի հարցի, հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը Ծիծեռնակաբերդում մասնակցել է Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում ծաղիկներ դնելու արարողությանը` ի հիշատակ Պոնտոսի հույների ցեղասպանության:
ՙՈրպես պատմաբան ես պետք է հայտարարեմ, որ չի եղել հույների ցեղասպանություն` որպես առանձին երևույթ, 1915-1923 թթ. եղել է ողջ քրիստոնյա բնակչության ցեղասպանություն Օսմանյան Կայսրության տարածքում` հայերի, հույների և ասորիների ցեղասպանություն՚, - ընդգծել է պատգամավորը: Նրա ասելով, պատահական չէ, որ Իզմիր քաղաքը երեք քրիստոնյա ժողովուրդների անխնա բնաջնջման խորհրդանիշ է, որտեղ մեկ գիշերում Թուրքիայի իշխանությունները ոչնչացրել են 12 հազար հայերի, ավելի քան 60 հազար հույների, որոնք կազմում էին քաղաքի բնակչության շուրջ 90 տոկոսը:
Շարմազանովն ընդգծել է, որ 2010 թվականին Հայաստանի ԱԺ աշխարհի բոլոր խորհրդարաններին կոչ է արել ճանաչել հայերի, Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունը, քանի որ այդ ցեղասպանությունները մեկ օղակ են: Շարմազանովը նաև հիշեցրել է, որ պատմության մեջ անջնջելի հետք է թողել Ուինսթոն Չերչիլը, ով հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետ: Նա հայտարարել է, որ Մուսթաֆա Քեմալին (Աթաթուրք) հարկավոր էր նոր Թուրքիա` առանց քրիստոնյա բնակչության, այսինքն, առանց հայերի, հույների և ասորիների: ՙՄենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի հայերի, Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունը, և մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Ես համոզված եմ, որ ճշմարտությունը վաղ թե ուշ կհաղթանակի՚, - ամփոփել է նա:
Հայաստանում Հունաստանի դեսպան Իոանիս Թաիսն իր հերթին հայտարարել է, թե Պոնտոսի հույների ցեղասպանությունը չափազանց կարևոր իրադարձություն է, հատկապես այն երկրների համար, որտեղ հույներ են բնակվում: Եվ այդ երկրներն արդեն ճանաչել են Ցեղասպանության փաստը: ՙՀունաստանի խորհրդարանը նույնպես ճանաչել է Հույների ցեղասպանության փաստը, ինչը լուրջ քայլ է դրա միջազգային ճանաչման ճանապարհին՚, - ընդգծել է դեսպանը: Նա ընդսմին ավելացրել է, որ միայն այն բանից հետո, երբ միջազգային հանրությունը կճանաչի Հույների ցեղասպանության փաստը, կարելի է խոսել վնասի փոխհատուցման մասին:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ը թուրքերի կողմից փոքրասիական հույների ցեղասպանության հիշատակի օրն է: 1915 թվականի մարտին Զմյուռնիայում (Իզմիր), մերձսևծովյան Պոնտոսի շրջանում երիտթուքերն իրականացրել են հույների կոտորած, որոնք մինչ այդ զորակոչվել էին թուրքական բանակ: Թուրքիայի հույն բնակչության նկատմամբ ակտիվ էթնիկ զտումներ են իրականացվել թուրք ազգայնականների կողմից և Մուսթաֆա Քեմալի (Աթաթուրք) ղեկավարությամբ` 1919-1922 հույն-թուրքական պատերազմի ժամանակ: Հենց 1919 թվականի մայիսի 19-ը` Քեմալի Սամսոն ժամանման և կոտորածի երկրորդ ալիքն սկսվելու օրը, նշվում է որպես Պոնտոսի հույների ցեղասպանության օր, որի զոհերի թիվը, ըստ տարբեր գնահատականների, կազմում է 350 հազարից մինչև 1,2 մլն մարդ: