Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումը,
ժողովրդավարական ազատությունների և քաղաքացիական հասարկության ճնշումը վնաս են հասցնում Վաշինգտոնի և Բաքվի
հարաբերություններին և հակասում են պաշտոնական Բաքվի շահերին: Ըստ «Թուրանի», այդ
մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը «Ռադիո
Ազատության» ադրբեջանական ծառայության հետ հարցազրույցում:
ԱՄՆ դեսպանը նշել է, որ ԱՄՆ ուշադիր հետևում է
Ադրբեջանում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակին: Նրա ասելով, Ադրբեջանի
կառավարությունն իր գործողությունները (մարդու իրավունքների խախտումները)
հիմնավորում է կայունության պահպանման նկատառումներով և նշում, որ Ադրբեջանը
գտնվում է չափազանց վտանգավոր տարածաշրջանում: Մորնինգսթարը համաձայն է, որ
Ադրբեջանը գտնվում է բարդ տարածաշրջանում` Ռուսաստանի և Իրանի միջև: «Սակայն մեր
դիրքորոշումն այլ է: Մենք կարծում են, որ եթե քաղաքացիական հասարակությունն ավելի
շատ հնարավորություններ ունենա, ապա կայունությունն ավելի հաստատուն կլինի: Եվ,
ասեմ անկեղծորեն, դա համապատասխանում է նաև Ադրբեջանի կառավարության շահերին:
Ցանկանում են ևս մեկ անգամ ընդգծել, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների
հարցերում մենք լուրջ ենք խոսում և միշտ ձայններս կբարձրացնենք, ինչպես վարվել ենք
նախկինում», - նշել է դեսպանը:
Նրա
ասելով, այժմ մեծ ճնշում է գործադրվում միջազգային հասարակական
կազմակերպոջւթյունների նկատմամբ, որոնք աշխատում են Ադրբեջանի քաղաքացիական
հասարակության հետ, իսկ Հարկերի և Արդարադատության նախարարությունները ստուգումներ
են անցկացնում: «Մենք չենք հասկանում, թե ինչին են ծառայում այդ կազմակերպություններում
ստուգումներն ու աշխատակիցների նկատմամբ ճնշումները», - նշել է դեսպանը: