ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Տարոն Մարգարյանին առաջարկում է հրապարակային բանավեճ անցկացնել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ, ով գլխավորում է նաև ՀՅԴ համամասնական ցուցակը Երևանի ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններում: Այդ մասին Աղվան Վարդանյանը հայտարարել է ապրիլի 16-ի մամուլի ասուլիսում:
ՀՅԴ ներկայացուցչի ասելով, Ռուստամյանն սկզբունքային քաղաքական գործիչ է, ինչում կարելի է համոզվել նրա կենսագրությունն ուսումնասիրելիս, և ՀՀԿ ու ՀՅԴ թեկնածուների ոչ միայն ծրագրերը, այլև անձնական հատկանիշները համեմատելու համար կարելի է անցկացնել հրապարակային բանավեճ: Վարդանյանը կարծում է, որ գործող քաղաքապետը պետք է բանավեճի միջոցով հասարակայնության դատին ներկայացնի իր ծրագրերը, քաղաքի բազմաթիվ խնդիրների լուծման իր եղանակները: Դաշնակցականը միևնույն ժամանակ ընդգծել է, որ մայիսի 5-ին երևանցիներն ընտրություն պետք է կատարեն ոչ թե անձերի, այլ քաղաքական ուժերի միջև: