ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի հետ:
ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել հույն գործընկերոջը նախօրեին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին կողմ քվեարկելու համար: Նա Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարին խնդրել է իր ողջույններն ու երախտիքի խոսքը փոխանցել օրինագծին կողմ քվեարկած մյուս խորհրդարանականներին ևս:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում հույն պատգամավորների քայլըª այն որակելով ծառայություն ոչ միայն հայ և հույն ժողովուրդներին, այլև ողջ մարդկությանն ու քաղաքակրթությանը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ժխտողականության դեմ պայքարը փակում է դուռը նոր ցեղասպանությունների առջև:
Ապոստոլոս Կակլամանիսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին ջերմ խոսքերի համար: Նա պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս սատարել հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու սերտացմանը: Նշենք, որ Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ընդունել է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի և պոնտացի հույների ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձև:
ՙԱյլատյացության դեմ պայքար՚ անունը կրող 6 կետից բաղկացած փաստաթուղթն ընդունվել է ձայների 54 կողմ, 42 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նա, ով կխախտի օրենքը, կենթարկվի խոշոր տուգանքների և նույնիսկ ազատազրկման:
Հիշեցնենք, որ մինչև օրինագծի ընդունումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանն Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հունաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ նման բանաձևի ընդունումը կարող է հանգեցնել հույն-թուրքական հարաբերությունների վատթարացմանը: Ի պատասխան` Հունաստանի վարչապետն ընդգծել էր, որ ցեղասպանությունների ժխտման քրեականացումը չի հակասում միջազգային իրավունքին:
Այսպիսով` Հունաստանը Շվեյցարիայից և Սլովակիայից հետո երրորդ պետությունն է, որը քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: