Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը նախաձեռնում է քարոզարշավ՝ ՙՍտուգում եմ բացակաների քվեարկությունը՚ կարգախոսով, որի նպատակն է վերականգնել Հայաստանի քաղաքացիների վստահությունը ընտրությունների ինստիտուտի նկատմամբ:
Քարոզարշավի շրջանակում կազմակերպվում է ստորագրահավաք` ներկայացնելու ընտրություններին մասնակցող անձանց ստորագրած ցուցակների հրապարակման հանրային պահանջ: Հաշվի առնելով դրան առնչվող օրենսդրական սահմանափակումները, պահանջը մասնավորապես ուղղվում է ՀՀ ազգային ժողովին` կատարելու փոփոխություններ ՀՀ ընտրական օրենսգրքում՝ ապահովելու ստորագրված ցուցակների հրապարակայնությունը: Այս փոփոխությունները պետք է ունենան հետադարձ ուժ և ապահովեն 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները:
ՙԸնտրողների ստորագրված ցուցակների հրապարակումն առաջին և կարևորագույն քայլն է, որ ՀՀ իշխանությունները կարող են անել իրենց լեգիտիմությունն ապացուցելու և ընտրական գործընթացների նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վստահությունը վերականգնելու նպատակով: Անհրաժեշտ է, որ ստորագրված ընտրական ցուցակները և լրացուցիչ ցուցակները փակցվեն տեղամասերում և հրապարակվեն ինտերնետով` ներբեռնման և որոնման հնարավորությամբ՝ թույլ տալով քաղաքացիներին ճշգրտել փաստացի ընտրողների անուններն ու վերահսկել գործընթացի օրինականությունը՝ բացառելով բազմակի քվեարկության կամ բացակա անձանց փոխարեն քվեարկության դեպքերը՚,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: