Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությունները բոլորովին անհետաքրքիր համարել պետք չէ`թեկուզ այն պատճառով, որ դրանց մասնակցում են նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԳՆ նախկին ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայաստանի անկախության համար կատիվ պայքարողներից մեկը`Պարույր Հայրիկյանը, այսօր մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով, այդ անունները թույլ են տալիս նախագահական մրցապայքարի որոշակի աշխուժացում ակնկալել: Միաժամանակ նշված թեկնածուներին գործող նախագահ Սերժ Սարգսյանին լուրջ մրցակիցներ համարել Բոստանջյանը մտադիր չէ: ՙՀՀ նախագահն առանցքային պաշտոններում աշխատանքի հսկայական փորձ ունեցող անձնավորություն է, 1988 թ. սկսած`իր գործունեության ըթնացքում բազմիցս հայտնվել է ամենաբարդ, երբեմն անելանելի իրավիճակներում, և միշտ հաղթած դուրս եկել դրանցից՚,- հայտարարել է Բոստանջյանը:
Նշենք, որ Բոստանջյանի կողմից ՀՀ նախագահի թեկնածության ՙաջակցությունը՚ հին պատմություն ունի: Դեռ 2012 թ. փետրվարին մամլո ասուլիսներից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ ՙԲարգավաճ Հայաստանը՚ նախագահական ընտրություններում Սարգսյանի թեկնածությանը չսատարելու պատճառ չունի: Այս հայտարարությունը, ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, փակել է Բոստանջյանի ճանապարհը դեպի 5-րդ գումարման Ազգային ժողով. նրա անունը չկար խորհրդարանի մայիսյան ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակում: