Մայիսի
7-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կազմակերպվել է հայ-շվեցարական գործարար ֆորում, որին
մասնակցել են շվեյցարական 70 ընկերությունների ղեկավարներ, ինչպիսիք են “ABB”, “UBS Bank”, “Swiss Watchmaking Federation”, հայ և շվեյցարացի պետական գործիչներ, Շվեյցարիայի տուրիզմի և տնտեսական գործերի քարտուղարության, ինչպես նաև մասնավոր հատվածի և այլ մարմինների ներկայացուցիչներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Արմսվիսբանկի
մամուլի ծառայությունից, ֆորումը կազմակերպել էին
Շվեյցարիայի առևտրաարդյունաբերական պալատը (ԱՊՀ երկրներ) և «Հայ-շվեյցարական գործարարության զարգացման միությունը»` «Արմսվիսբանկ» ՓԲԸ հովանավորության ներքո:
Հայաստանի մասնավոր գործարար հատվածի ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարի ելույթներն ուղղված էին Հայաստանում շվեյցարական կազմակերպությունների կողմից ներդրումների ներգրավմանը: Ամփոփիչ խոսքում «Ֆրանկ Մյուլլեր Գրուպ Ուոթչլենդ» ընկերության նախագահ և
«Արմսվիսբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վարդան Սիրմաքեսը քաջալերել է Շվեյցարիայի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին կատարել ներդրումներ Հայաստանում՝ հետևելով «Ֆրանկ Մյուլլեր Գրուպ Ուոթչլենդ»-ի հաջող փորձին: Վարդան Սիրմաքեսը նաև հայտնել է Հայաստանում ներդրում կատարելու պատրաստ ընկերությունների հետ համագործակցության պատրաստակամության՝ նաև համատեղ ներդրման հնարավորության մասին:
ՀՀ
ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2013 թվականին Շվեյցարիայից
Հայաստան ներդրումների հոսքը կազմել է 10.3 մլն դոլար` 2012 թվականի 43.7 մլն
դոլարի դիմաց: Նշենք, որ «Արմսվիսբանկ» ՓԲԸ հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերի
7-ին` աշխարհում հայտնի "Franck Muller Watchland" ժամացույցի գործարանի
հիմնադիր, համասեփականատեր և գործադիր
տնօրեն Վարդան Սիրմաքեսի
կողմից: Որպես բանկի բաժնետեր հանդես են գալիս Վարդան Սիրմաքեսը (Շվեյցարիա)` 80% և "Belegingsmachepij
Jongo" LLC` 20%: Franc Muller տունը XX դարի 90-ական թվականների
ամենահաջողված նախագիծն է: Franck Muller հավաքածուներում ներառված բոլոր
ժամացույցներն աչքի են ընկնում իրենց ճշտությամբ և հուսալիությամբ,
ֆունկցիոնալությամբ և տեխնոլոգիականությամբ: Franck Muller ընկերությունը տեղում
կանգնած չէ, այն նվաճում է ժամացույցների արվեստի նորանոր բարձունքներ:
Watchland-ը, որի արտադրանքը լայնորեն ներկայացված է Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում և շատ այլ
երկրներում, հաստատուն է կանգնած, ինչը վերաբերում է, հատկապես, Franck Muller
S.A.` խմբի գլխավոր ապրանքանիշին: Franck Muller Watchland S.A. ապրանքանիշն ու
խումբը, առաջվա նման, ղեկավարում է Վարդան Սիրմաքեսը: