Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը դատապարտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեկտեմբերի 17-ի որոշումը, որի համաձայն, Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ
Դողու Փերինչեքի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ:
«Դատարանի որոշումը շատ վտանգավոր է եւ Եվրոպայում Անկարայի ու Բաքվի կողմից ղեկավարվող ժխտողականության հոսանքի ուղղակի խրախուսում, այն հավելյալ ճամփա է բացում դրա համար: Վերստին թաքնվելով խոսքի ազատության իրավունքի ետեւում, օրինակ առնելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի մոտեցումը, եվրոպական դատարանն իր տխրահռչակ այս որոշմամբ ոտնահարում է Հայոց ցեղասպանության զոհերի եւ հաջորդ սերունդների արժանապատվության իրավունքը», - ասվում է Ֆրանսիայի հայ դատի գրասենյակի և Հայ դատի եվրոպական հանձնախմբի հայտարարությունում:
Հայտարարության մեջ նշվում է, որ այսուհետեւ հայությունը չի կարող Եվրոպայում գտնել օրենքով սահմանված իր պաշտպանությունը: Բացի այդ, «տխրահռչակ այս որոշումը անպայման պիտի գոտեպնդի եւ հավելյալ ներուժ պիտի տա թրքական ծայրահեղական շարժումներին ու զուգահեռաբար պիտի հարվածի Թուրքիայում հետզհետե բարձրացող արդար ձայներին: Ավելին: Երբ Եվրոպական դատարանը հայտարարում է, թե «ցեղասպանություն եզրը միաձայնություն չի վայելում», ուղղակիորեն նույնանում է Փերինչեքի ժխտողական այն հայտարարության հետ, ըստ որի` «Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ է»: Այս մոտեցումն անընդունելի է ու խստիվ դատապարտելի», - ասվում է հայտարարությունում:
Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը և Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը պահանջել են
հանդիպում Փարիզում Շվեյցարիայի դեսպանի հետ, որպեսզի ներկայացնեն իրենց ակնկալիքները Շվեյցարիայի իշխանություններից: «Համակարգված այլ նախաձեռնություններ պիտի կատարվեն նաեւ տարբեր երկրներում` Հայ դատի գրասենյակների եւ հանձնախմբերի, ինչպես նաեւ պաշտոնական Երեւանի կողմից` միացյալ ճակատ կազմելով այս արշավի դեմ», - ասվում է
հայտարարությունում:
Շվեյցարիան 3
ամիս ժամանակ ունի ՄԻԵԴ վճիռը բողոքարկելու և դրա վերանայում պահանջելու համար: