Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը ս.թ. օգոստոսի 21-ին այցելեց Երևանի կոնյակի գործարան: Ըստ նախատեսված ծրագրի` պատվիրակությունը այցելեց Երևանի կոնյակի գործարանի հնացման արտադրամաս, որտեղ ծանոթացավ հայկական Արարատ կոնյակի պատմությանը և արտադրական պրոցեսին:
Իրակլի Ղարիբաշվիլիին կանգ առավ նաև ՙԽաղաղության տակառի՚ մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Ի դեպ, այն կոչվում է ՙխաղաղության՚, քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Վարչապետն իր ստորագրությունը թողեց նաև գործարանի հուշագրքում:
Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանը պարոն Ղարիբաշվիլիին նվիրեց 40 տարվա հնացման “Սպարապետ” կոնյակը ԱՐԱՐԱՏի բացառիկ հավաքածուից:
Նշենք, որ Երևանի կոնյակի գործարանի հնացման արտադրամասի նախագահական անցուղում պահվում է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի անվանական տակառը, որը հնացման է դրվել ս.թ. փետրվարին` Գիորգի Մարգվելաշվիլի գործարան կատարած այցի ժամանակ: