Lydian International ընկերությունը Հայաստանում երկրաբանահետախուզական աշխատանքների 7 տարվա ընթացքում $55 մլն է ներդրել, լրագրողներին հայտնել է ՙGeoteam՚ ՓԲԸ Բնապահպանական և սոցիալական ծրագրերի համակարգող Արմեն Ստեփանյանը ընկերության կողմից հետազոտվող Ամուլսարի ոսկեբեր հանքավայր կատարված պրես-տուրի ժամանակ:
Այցի ընթացքում ներկայացվել են ընկերության սոցիալական և էկոլոգիական ծրագրերը: Ստեփանյանի խոսքով, էկոլոգիական ծրագրերի համար 2011 թվականից սկսած ներդրվել է $5 մլն, այդ թվում`շրջակա միջավայրի վրա ներգործության գնահատման նպատակով: 2014 թվականին այդ նպատակների համար նապատեսվում է ներդնել $1-1,5 մլն:
Արմեն Ստեփանյանը հայտնել է, որ ընկերությունն ունի 3 տնկարան, որտեղ աճեցվում է ավելի քան 60 ծառատեսակ, որոնք հետագայում օգտագործվելու են հարակից շրջանների վերականգնողական աշխատանքների և կանաչապատման համար: Նա նշել է, որ 2013 թ.վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով ներդրվել է $500 հազար, իսկ 2014 թ. ակնկալվում է ներդնել $600 հազար:
Ընկերությունը ներկայացրել է նաև նախագծի շրջանակներում թռչունների հետազոտության աշխատանքների արդյունքները: Թռչունների պահպանության միության մասնագետ Լյուբա Բալյանի խոսքով, Lydian International ընկերությունը միակն է Հայաստանում, որը նման մասշտաբային մոնիտորինգ է իրականացրել թռչունների նկատմամբ 6 ամսվա ընթացքում`հասկանալու նախագծի հավանական ներգործությունը թռչունների վրա:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա գտնվող բելգիացի կենսաբան Պիտեր Ադրիանսը նշել է, որ ՙմիջազգային լավագույն պրակտիկան վկայում է, որ աշխատանքները հարկավոր է սկսել տեղանքի, շրջակա միջավայրի վրա ազդեցության և այլ գործոնների վերլուծությունից, որոնք կարող են ազդել բնության վրա, ինչից էլ սկսվել է ընկերության աշխատանքը՚: ՙԳեոթիմ՚ ՓԲԸ-ի միակ բաժնետեր է հանդիսանում Lydian International ընկերությունը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Lydian International-ի բաժնետեր է դարձել 2009 թվականին, և 2012 թ. մարտի 21-ին ընկերության կապիտալում իր մասնաբաժինը հասցրել 6,80%-ի, իսկ բաժնետոմսերի 10,23%-ը պատկանում է Համաշխարհային բանկի խմբի անդամ` Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC):