Արցախում օդաչուների պատրաստման ուսումնական կենտրոն է
ստեղծվում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ԼՂՀ կառավարությանն
առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմրիտրի Ադբաշյանը:
Վարչության պետը նշել է, որ իրեն, որպես մասնագետի, չի
գոհացնում ներկայիս օդաչուների պատրաստության մակարդակը, քանի որ նրանք կրթություն
են ստանում համակարգչային ծրագրով, որը մեծապես զիջում է իսկական ինքնաթիռներով
վարժություններին, ինչի առնչությամբ կարող են ավիավթարներ տեղի ունենալ; «Պատահում
է, որ օդաչուն, պարզապես, չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, նման օդաչուներին մենք
անվանում ենք «համակարգչային տղաներ», համապատասխանաբար, անհրաժեշտ են գործնական
պարապմունքներ, որոնք կարող են իրականացվել այդ կենտրոնում, Ստեփանակերտի
օդանավակայանում», - նշել է նա: Ադբաշյանն ընդգծել է, որ Կենտրոնը ծառայություններ
կտրամադրի վճարային հիմունքով` ըստ պետպատվերի: «ԼՂՀ-ում ավիացիոն սպորտի
ավանդույթ չկա, սակայն դա կարելի է շտկել», - եզրափակել է նա:
Ստեփանակերտի
օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին և ընդունում էր, հիմնականում, Երևանից և
Բաքվից չվերթներ: Ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլի առնչությամբ 1992
թվականից օդանավակայանը պարապուրդի էր մատնվել, իսկ 2008 թվականից սկսվեց
օդանավակայանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցումը: Ընդլայնվել և բարեկարգվել են
թռիչքուղիները, ինքնաթիռների վայրէջքի անվտանգությունն ապահովելու նպատակով
«կտրվել են» որոշ մերձակա բլուրների գագաթներ: Արգենտինացի բարերար Էդուարդո
Եռնեկյանը Ստեփանակերտի օդանավակայանի համար ինքնաթիռ է ձեռք բերել: