Այսօրվա դրությամբ Հայաստանի բնակչության 52 տոկոսը հետևում է երկրում առկա քաղաքական իրավիճակին, նրանց 32 տոկոսը կմասնակցի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին, 28 տոկոսն արդեն կողմնորոշվել է ընտրության հարցում, իսկ 24 տոկոսն առայժմ որոշում չի կայացրել: Այդ մասին հունվարի 9-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՙՍոցիոմետր՚ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
ՙԵլնելով անցյալ տարվա դեկտեմբերին անցկացված հարցման արդյունքներից` կարելի է ասել, որ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կհավաքի ձայների 20,5 տոկոսը, Րաֆֆի Հովհաննիսյանը` 5,5 տոկոսը, Պարույր Հայրիկյանը` 1,5 տոկոսը, իսկ ընտրողների 0,5 տոկոսը դեռ չի կողմնորոշվել: Սակայն հարցումն անցկացվել մինչև Հրանտ Բագրատյանի թեկնածության առաջադրումը՚, - նշել է սոցիոլոգը:
Ընդ որում նա ընդգծել է, որ գործող նախագահի համար լուրջ մրցակից չի տեսնում, շտապելով ավելացնել, թե երկրորդ տեղի համար պայքար կծավալվի Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի միջև, երրորդ տեղը կզբաղեցնի Պարույր Հայրիկյանը, իսկ մնացած թեկնածուները սոսկ խեղկատակներ են քաղաքական ասպարեզում: ՙԱյդ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ է քաղաքականությունը, և ես կարծում եմ, որ նրանք անհրաժեշտ գումար չունեն ողջ հանրապետությունում 900 շտաբ բացելու և լուրջ աշխատանք իրականացնելու համար: Հարցման արդյունքների համաձայն, առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանը կստանա ընտրողների ձայների 72 տոկոսը, Րաֆֆի Հովհաննիսյանը` 20 տոկոսը, Պարույր Հայրիկյանը` 3 տոկոսը, մնացած բոլոր թեկնածուները չեն հաղթահարի 1 տոկոսի շեմը՚, - ընդգծել է Ադիբեկյանը:
Նրա ասելով, չափազանց կարևոր դեր կխաղան նաև եղանակային պայմաններն ընտրության օրը, ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե որքան լավ կաշխատեն փոխադրամիջոցները: Միևնույն ժամանակ նա հաղորդել է, որ եթե բնակչության 35 տոկոսը մասնակցի ընտրություններին, ապա մասնակցությունը կարելի է համարել նորմալ: Հարցմանը մասնակցել է 1420 մարդ ողջ հանրապետությունից:
Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 15 թեկնածու, որոնցից երեքը` գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվել են, համապատասխանաբար, ՀՀԿ-ից, ՙԱզատություն՚ կուսակցությունից և ՙԺառանգություն՚ կուսակցությունից: Մնացած 12-ն ինքնառաջադրված են: Նրանց թվում են ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ՙԱզգային համաձայնություն՚ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանը, անկուսակցական Տարոն Աբրահամյանը, Առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ՙՔաշաթաղ՚ հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, կենսաթոշակառու Պավլիկ Սարգսյանը, գործազուրկ Մհեր Հայրապետյանը և Ազգային մամուլի ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը: