ՄԱԿ-ում Ուկրաինայի բանաձևի նկատմամբ Հայաստանի
դիրքորոշումը Հայաստանի եվրաինտեգրման դագաղի վերջին մեխն էր: Մարտի 28-ին այդ
մասին հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար, պատգամավոր Ալեքսանդր
Արզումանյանը` «Հայաստան-ԵՄ հարաբերությունները և դրանց արտացոլումը երկրի
ներքաղաքական իրավիճակի վրա» կլոր սեղանի ընթացքում անդրադառնալով ՄԱԿ-ում
Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանանձևին Հայաստանի «դեմ»
քվեարկելուն:
«Երեկ ՄԱԿ Գլխավոր
ասամբլեայում քվեարկությունից հետո Հայաստանը դարձավ այն երկրներից մեկը, որոնց
հետ, ընդհանրապես, ոչ ոք հաշվի չի նստում: Մեր իշխանությունները ցանկություն
հայտնեցին կանգնելու Հյուսիսային Կորեայի և Զիմբվավեի հետ նույն շարքում, որտեղ
ժողովրդավարական արժեքների մասին խոսելը, պարզապես, ծիծաղելի է», - հայտարարել է քաղաքական
գործիչը: Նա նաև տարակուսանք է հայտնել հայ դիվանագետների նման որոշման
առնչությամբ: «Ես ինքս 5 տարի Հայաստանը ներկայացրել եմ ՄԱԿ-ում, լավ պատկերացնում
եմ մթնոլորտը, սակայն նաև գիտեմ, որ կան խուսավարելու բազմաթիվ միջոցներ,
ամենահայտնին քվեարկությունից ձեռնպահ մնալն է», - հայտարարել է նա:
Արզումանյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի
հասարակությունը չպետք է հանդուրժի նման վերաբերմունքը և իշխանությունների կողմից
լիովին անտեսումը: «Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո սա արդեն
երկրորդ ապտակն է, որ Հայաստանը հասցնում է եվրոպական արժեքներին, սակայն վատն այն
է, որ այդ ապտակը հասցնում է Ռուսաստանը` մեր ձեռքով», - նշել է նա: Ընդ որում
քաղաքական գործիչն ավելացրել է, որ ինչպես Հայաստանի իշխանությունները, այնպես էլ
ընդդիմությունն ապրում են Կրեմլից թելալդրված կանոններով, ինչը լուրջ վտանգ է
Հայաստանի համար: «Պետք է գտնվի Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի հաշվեկշռման
ուղի», - եզրափակել է նա: